Վրացական ժողովրդական նվագարաններ

Բազմազան են վրացական ժողովրդական նվագարանները: Յուրաքանչյուր գործիք ունի իր ստեղծման և տարածման պատմությունը: Վրաց ժողովուրդը շատ է սիրում երաժշտություն: Նրանք երգում էին վշտի և ուրախության, աշխատանքի թե հանգստի ժամանակ: Այդ է պատճառը, որ Վրաստանի բոլոր երկրամասերը հարուստ են վրացական երաժշտական ​​նվագարաններով: Այստեղ կհանդիպեք ինչպես հարվածային և լարային գործիքների, այնպես էլ փողային և ստեղնավոր գործիքների:

Լարային գործիքներ

Լարային գործիքները բաժանվում են երեք խմբի: Այս խմբերն են` կնտնտոցով նվագվող, կսմիթային և աղեղնային գործիքներ:

Փանդուրին երեք լար ունի: Այն կարող է հանդիպել Վրաստանի բոլոր մասերում: Փանդուրիով կատարում են հերոսական երգեր, կատակ երգեր և սիրո երգեր: Փանդուրիի նվագակցությամբ նաև պարում են: Այդ ժամանակ փանդուրիի երաժշտությունը ուղեկցվում է մարդկանց ռիթմիկ ծափով: Այսպիսի պարն ու նվագը «տաշփանդուրա» են կոչում: Փանդուրին վրաց ժողովրդի շատ սիրելի նվագարաններից է:

Հնում, Վրաստանում չէր գտնվի ոչ մի վրացական ընտանիք, որ չունենար փանդուրի:

Իսկ չոնգուրին, ի տարբերություն փանդուրիի, ունի չորս, երբեմն հինգ լար: Այն ավելի Արևմտյան Վրաստանում է տարածված: Չոնգուրի և փանդուրի առավելապես կանայք էին նվագում, հատկապես աշխատանքի ժամանակ: Երգում էին և հաճելի երաժշտությամբ զվարճացնում նաև մյուսներին: Չոնգուրի պատրաստելու համար առնվազն երեք օր է անհրաժեշտ: Նրա կորպուսը անպայման պատրաստվում է սոճենուց, որպեսզի չոնգուրիի ձայնը զրնգուն և մաքուր լինի:

Հին վրացական կսմիթային, լարային նվագարան է չանգին: Չանգին ավելի Սվանեթիում էր տարածված: Չանգին արտաքինից շատ նման է նետի, որի վրա լարեր են ամրացված: Չանգին պատրաստում են փշատերև ծառերից: Հատկապես հայտնի է եղևնուց պատրաստված չանգին: Այն Սվանեթիում կոչում են նաև տխրության և վշտի նվագարան: Սվանները պահպանել են նրա ստեղծման մի լեգենդ: Ըստ լեգենդի, չանգին պատրաստել է մի տարեց մարդ, ում երիտասարդ որդին մահացել է: Չանգիի կոթը նրա որդու բազուկն է, իսկ լարերը` մատները: Չանգիի մեղմածոր ձայնը ծերունու արտասուքներն են, - պատմում է սվանական լեգենդը ...

Բացի չանգիից, Սվանեթիում պահպանվել է ևս մեկ լարային գործիք, որը կոչվում է ճիանուրի: Այն աղեղնային նվագարան է: Նրա կորպուսը կլոր է, կոթին ձգված են լարեր, որոնց վրա աղեղի միջոցով են նվագում: Ճիանուրը մաքուր ձայն ունի: Սվանները հաճախ այն օգտագործում են եղանակի կանխատեսման համար: Եթ ե անձրևոտ եղանակ է սպասվում, ճիանուրի ձայնը մաքուր չէ և ցածր է հնչում: Ճիանուրի նվագակցությամբ սվաններն առավելապես տխուր երգեր են երգում: Չանգի նման, այն ևս վշտի նվագարան են համարում:

Փողային գործիքներ

Սալամուրին (շվի, սրինգ) զրնգուն ձայնով փողային նվագարան է: Այն տարածված է Քարթլիում, Կախեթիում, Մեսխեթիում, Թուշեթիում և Փշավիում: Գիտնականները հնագույն քաղաքների պեղումների ժամանակ Արևմտյան Վրաստանում ևս հայտնաբերել են սալամուրի: Այդ սալամուրին առանձնապես արժեքավոր էր, քանի որ նրա պատրաստման համար կարապի ոսկոր է օգտագործվել: Այսօր սալամուրին ծիրանենուց կամ եղեգնից են պատրաստում: Ծիրանենուց պատրաստում են առանց լեզվակ սալամուրի, իսկ եղեգնից` լեզվակավոր: Սալամուրիի լեզվակ են կոչում բարակ փայտե ներդիրը, որը սալամուրիի վզիկի մեջ է տեղադրված: Լեզվակով սալամուրին ավելի փոքր է, և այն ավելի շատ հնչյուններ է արձակում: Լեզվակով սալամուրիի պատրաստելը անհամեմատ ավելի բարդ է, քան առանց լեզվակինը: Սալամուրին հովիվների սիրված նվագարանն էր, իսկ այսօր սալամուրի հաճախ երաժշտական համույթներում են նվագում, այլ նվագարանների հետ:

Սալամուրիի նման փողային նվագարան է նաև դուդուկը: Սակայն, ի տարբերություն սալամուրիի այն ոչ թե միայն մեկ փող ունի, այլ նաև պիպիչ և ձայնը կարգավորող սարք: Դուդուկի ծագման վերաբերյալ վեճը վաղուց է ընթանում և դեռ վերջնական լուծում չի ստացել: Որոշ գիտնականներ համարում են, որ դուդուկը արևելյան նվագարան է, իսկ ոմանք համարում են, որ այն հնագույն վրացական ժողովրդական նվագարան է: Այս նվագարանի ծագման վերաբերյալ վեճի պատճառն այն է, որ նրա ձայնը նման է զուռնայի ձայնին, որն իսկապես արևելյան նվագարան է: Այդ մասին գրում էր նաև վրաց գրող Միխեիլ Ադամաշվիլին. «Մարդիկ իրար հետ շփոթում են դուդուկը և զուռնան: Վերջինս, իսկապես, այստեղի գործիք չէ: Շատ երկրներ եմ շրջել, սակայն ոչ մի տեղ այս նվագարանը չեմ տեսել, իսկ զուռնա, որքան ուզես, ամենուր կար»: Դուդուկի նվագակցո ւթյամբ կատարված երգը շատ տխուր է: Դուդուկը նույնպես շատ տխուր և նուրբ ձայն ունի: Աջարիայում գոյություն ունի դուդուկի նման նվագարան, որը պիլիլ են կոչում: Այն ևս դուդուկի նման, ցողուն և պիպիչ ունի: Աջարիայում պիպիլ նվագում էին դհոլի նվագակցությամբ:

    Հատկապես հայտնի փողային նվագարան է ստվիրին` պարկապզուկը: Այն տարածված է Վրաստանի տարբեր երկրամասերում: Ռաճայում այն շտվիրի են կոչում, Աջարիայում` ճիբոնի, Մեսխեթիում` թուլումի, իսկ Քարթլիում և Փշավիում` ստվիրի: Պարկապզուկ բաղկացած է երկու հիմնական մասերից` տիկից և եղջյուրից: Տիկը պատրաստվում է ոչխարի կաշվից: Եղջյուրը և տիկը իրար հետ կապում է եղեգնյա փողը: Պարկապզուկով կատարվում են պարային մեղեդիներ:

Հաճախ այն ուղեկցվում է դհոլի ձայնով: Պարկապզուկ նվագողը մեստվիրե է կոչվում: Հնում ռաճացի մեստվիրեները հայտնի էին ողջ Վրաստանում: Նրանց կոչում էին նաև թափառող երաժիշտներ: Նրանց գալուն ուրախ էին բոլոր տոնակատարությունների և հարսանիքների ժամանակ:

Փողային նվագարաններից հատկապես հետաքրքիր է վրացական բազմափող սալամուրին` շվին: Այն Սամեգրելոյում լերճամի են կոչում, իսկ Գուրիայում սոինարի: Այն բաղկացած է վեց, տարբեր երկարության և բարձրության խողովակներից: Յուրաքանչյուր խողովակ տարբեր երկարության և բարձրության ձայն է արձակում: Գուրիական սոինարին ավելի փոքր է, քան մեգրելական լերճամին, մյուս կողմից, նրանց միջև այլ տարբերություն չկա: Բազմափող սալամուրին հիմնականում կապված է հովվի կյանքի հետ, ճիշտ այնպես, ինչպես սովորական սալամուրին: Հետագայում այն ​​օգտագործվել է հարսանիքների և տոների ժամանակ: Այսօր ժողովրդական երաժշտական համույթները հաճախ են նվագում այս նվագարանը: Նվագելուց կես ժամ առաջ նվագարանի փողերը ջրով են լցնում, որպեսզի ավելի մաքուր ձայն արձակի:

Հարվածային գործիքներ

Բազմազանությամբ են  աչքի ընկնում նաև վրացական հարվածային գործիքները: Դրանց թվին են պատկանում դափը կամ դահիրան, դափդափը կամ դհոլը, դիպլիպիտոն, ծնծղան և այլն:

Դհոլը Վրաստանի հարթավայրային մասում տարածված նվագարան է: Նրա շրջանակը` սնամեջ գլանը պատրաստում են փայտից, որի վրա օղակների միջոցով շրջանակը պարուրած խաչաձև պարանների օգնությամբ կաշի է ձգվում: Դհոլն առավելապես ձեռքերով են նվագում, իսկ երբեմն օգտագործում են փայտիկներ (թակիչ, տմբիչ): Պարի ժամանակ դհոլի ձայնն ընդգծում է պարի ռիթմը: Այն հաճախ միավորում են մի շարք երաժշտական ​​գործիքների հետ:

Դահիրան (դափը), ի տարբերություն դհոլի, ցածր է, և փոքր չափի: Այն փայտյա աղեղ է, որի վրա ձգված է բարակ ոչխարի կաշի: Աղեղի վրա ներսից կախված են ծնծղաներ և փոքրիկ թիթեղիկներ: Երբեմն դահիրայի փայտյա շրջանակը գեղեցիկ նկարազարդված է: Նման շքեղ դահիրաներ հնում ունեին լավ երաժիշտները կամ հարուստ ընտանիքները: Դահիրա լավ նվագողները մասնակցում էին հարսանիքների, տոնակատարությունների, պարահանդեսների և այլն: Դահիրա հանդիպում է Սամեգրելոյում և Ռաճայում, Արևելյան Վրաստանի հարթավայրային մասում և Թուշեթիում: Արտաքին տեսքից տարբեր տարածաշրջանների դահիրաների միջև չկա տարբերություն: Նվագելիս դափը բռնում են երկու ձեռքով և նվագում են ձեռքի մատներով:

Դահիրայի և դհոլի նման, դիպլիպիտոն` տիմպլիպիտոն, ևս հարվածային նվագարան է: Այն հիմնականում նվագում են երաժշտական ​​համույթները: Դիպլիպիտոն բաղկացած է տարբեր լայնության և հավասար բարձրության երկու փոքր կավե գլաններից, որոնց վրա ուլի կաշի է ձգած: Դրանք իրար են կապված գոտիով: Դիպլիպիտոն հիմնականում արևելյան Վրաստանի քաղաքներում է տարածված: Այն նվագում են փոքրիկ փայտիկներով: Այս փայտիկները կոչում են «այծի ոտիկներ»:

Հարվածային նվագարաններից հնագույնը ծինծիլան` ծնծղան է: Այն ափսեի ձևի, վերին կողմից ուռուցիկ, բռնիչներով գործիք է: Ծնծղան հայտնաբերվել է Մոդինախե և Արմազի բերդերի տարածքում: Նվագելու համար անհրաժեշտ է երկու ծնծղա, մեկը մեծ, մյուսը` համեմատաբար փոքր: Ծնծղաներն այսօր էլ են օգտագործվում: Այն հիմնականում տոնական ռազմական շքերթների ժամանակ են նվագում այլ գործիքների հետ:

Ստեղնավոր գործիքներ

Ժողովրդական ստեղնավոր գործիքներից Վրաստանում հիմնականում տարածված է բուզիկան: Այն հատկապես կարևոր տեղ է զբաղեցրել վրացի լեռնեցիների կյանքում: Ըստ ավանդության, այս գործիքը, պատկանում էր կանանց: Այն նվագելով հաճախ կանայք սեթևեթում էին: Երբ աղջիկը ամուսնանում էր, նրան բուզիկա էին տանում նվեր: Բուզիկան շատ նման է հորմոնին, որը Վրաստան է բերվել Ռուսաստանից: Վրացիները շատ են հավանել հորմոնի ձայնը: Այն հատկապես տարածված էր Թուշեթիում: Իսկ այսօր հորմոնը հաճախ նվագում են դհոլի նվագակցությամբ` տարբեր քաղաքային երգեր կատարելիս:

Վերջաբան

Վրաստանում երաժշտական նվագարանների այսպիսի բազմերանգություն է հարուցել վրաց ժողովրդի սերը երաժշտության հանդեպ: Այսօր վրացիները հաճույքով նվագում են ինչպես հնագույն նվագարաններ, այնպես էլ ժամանակակից, այլ ժողովուրդների ստեղծած երաժշտական գործիքներ: