Պինգվինները

Ներածություն

Պինգվինները թռչուններ են, բայց նրանք չեն կարող թռչել:

Պինգվինները տարօրինակ թռչուններ են: Նրանք միայն ցուրտ վայրերում են ապրում: Պինգվիններն այլ թռչուններից զանազանվում են զվարճալի քայլվածքով: Նրանք ծիծաղելի են տեղաշարժվում: Ապրում են Անտարկտիդայում, Նոր Զելանդիայում, Հարավային Ավստրալիայում, Գալապագոսի կղզիներում... Պինգվինների տեսակներն են` կայսերական պինգվինը, թագավորական պինգվինը, պինգվին Ադելը, ոսկյա փուփուլավոր պինգվինը, գալապագոսյան պինգվինը ...

Ամենամեծը կայսերական պինգվինն է. նրա բարձրությունը 110-120 սմ է, իսկ քաշը`46 կգ: Իսկ ոչնչացած պինգվինների գերեզմանոցում նույնիսկ հսկա պինգվին են հայտնաբերել` այն եղել է մարդու հասակի, իսկ քաշը` 20 կգ:

Արտաքինը

Պինգվինների մեջքը մոխրագույն-սևավուն է: Այդ գույնը նրանց լավ պաշտպանում է գիշատիչներից: Դրանցից շատերի գլուխը դեղնավուն է: Փոքրիկ պինգվինները ծնվում են մոխրագույն կամ շագանակագույն:

Միայն կողքերը և կուրծքն են սպիտակավուն: Պինգվինները թևերն օգտագործում են որպես լողակներ: Կյանքի 2/3-ը ջրի մեջ են անցկացնում: Լավ լողում են և սուզվում ջրի մեջ: Նրանց փետուրը անջրաթափանց է, իսկ ոտքերը լողաթաղանթներ ունեն, ինչը նրանց օգնում է լողալ: Կայսերական պինգվինը ջրի մեջ 530 մետր խորությամբ է սուզվում: Պինգվինները լավ են տեսնում և՛ ցամաքում, և՛ ջրում: Ականջները ծածկված են փետուրով, ինչի հետևանքով էլ ականջների մեջ ջուր չի լցվում:

Ձվադրումից կամ ձագերին մեծացնելուց հետո պինգվինները փոխում են փետուրը: Հին փետուրը թափվում է, և աճում է նորը: Այս ընթացքում, նրանք ջրի մեջ չեն մտնում և մնում են առանց սննդի: Դրա փոխարեն, նրանք գոյությունը պահպանում են ճարպի պաշարով, որ կուտակված է նրանց մարմնի մեջ:

Պինգվինները սնվում են ձկներով, գլխոտանի փափկա-մարմիններով, խեցգետնա-կերպերով: Նրանք կերը կուլ են տալիս հենց ջրի մեջ:

Պինգվիններն ապրում են մեծ գաղութներով: Ման են գալիս երամներով: Բավականին արագ և ծիծաղելի են տեղաշարժվում: Բարձրանում են ժայռերի ծերպերին` ուղղաբերձ լանջերի վրա, փորի վրա սահելով իջնում են և ջրի մեջ նետվում: Ջրից դուրս գալով` մեծ ոստյուններով բավական հեռու են ցատկում:

Բազմացումը

Պինգվինները մեկ կամ երկու ձու են դնում: Նրանց ձուն սպիտակ է կամ կանաչավուն: Առաջին ձուն գրեթե միշտ ավելի մեծ է երկրորդից: Ձագը դեռ մեծ ձվից է դուրս գալիս: Հայր և մայր պինգվիններն էլ ավագ և ուժեղ`զոռբա, պինգվինին ավելի լավ են խնամում, ավելի հաճախ են կերակրում: Հետևաբար, երկրորդ ձագը հաճախ մահանում է: Ձագերը կպչում են ծնողների փորի ստորին ծալքերին և այդպես տաքանում: Էգ և արու պինգվինները երեխաների մասին հավասար են հոգ տանում` երբ ծնողներից մեկը գնում է կեր հայթայթելու, երկրորդը` մնում է երեխաների մոտ: Մեծացած ձագերին պինգվինները, այլ պինգվինների հետ, ուղարկում են «մանկապարտեզ»:

Մինչև 1 տարեկանը պինգվինը մահվան վտանգի տակ է, իսկ մեկ տարեկանից հետո նրանք հզորանում են և հարմարվում շրջակա միջավայրին: Պինգվինների կյանքի տևողությունը 25 տարի է:

Պինգվիններին ցամաքից հազվադեպ է վտանգ սպառնում: Կարող է մարդկանց բերած շունը կամ կատուն լինի նրանց թշնամի: Ավելի հաճախ նրանց վրա ծովից են հարձակվում` ծովառյուծները, ծովարջերը, շնաձկները... Այդ պատճառով էլ պինգվինները շատ են վախենում մենակ ջուրը մտնելուց` խմբերով են գնում ջրի մոտ: Կանգնած են ափի մոտ և երկմտում են: Բայց եթե դրանցից որևէ մեկը համարձակվի և ջուրը մտնի, անմիջապես մնացածներն էլ հետևից են գնում: Պաշտպանության համար պինգվինները լավ են օգտագործում սուր կտուցը և լողակները:

Օդից պինգվինների թշնամին է գիշատիչ թռչուն հյուսիսային ուրուրը, նաև ճայը, որը հաճախ փախցնում է պինգվինների ձվերը:

Հաճախակի շփումների հետևանքով պինգվինները հաղթահարել են վախը մարդկանց հանդեպ: Այժմ շատ հազվադեպ են զգուշանում նրանցից: