Էքվթիմե Թաղաիշվիլի

Ներածություն

1921-1945 թվականներին Ֆրանսիայում ապրում էր մի վրացի մարդ իր ողջախոհ կնոջ հետ: Այս վրացի մարդը ամենահարուստն էր և ամենաաղքատը ողջ Ֆրանսիայում: Նա Վրաստանի գանձի տերն էր, և նա պահպանում էր այդ գանձը: Այս մարդը շատ հաճախ քաղցած էր մնում և վերջին դրամով Վրաստանից Եվրոպայում հայտնված պատմական իրեր էր գնում: Այս մարդը Էքվթիմե Թաղաիշվիլին էր: Երախտապարտ հայրենիքը և վրաց եկեղեցին Էքվթիմե Թաղաիշվիլիին սրբերի շարքն են դասել:

Էքվթիմե Թաղաիշվիլիի մանկությունը և երիտասարդությունը

Էքվթիմե Թաղաիշվիլին ծնվել է Գուրիայի մի փոքրիկ գյուղում` Լիխաուրիում: Նա շատ փոքր էր, երբ վախճանվել են նրա ծնողները: Էքվթիմեին պահում էին տատիկը և հորաքույրը: Էքվթիմեն շատ չարաճճի, սակայն ջանասեր և ընդունակ երեխա էր: Դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Քութաիսիի գիմնազիայում: Քութաիսիում ուսումնառության շրջանում Էքվթիմեն աշակերտների էր պարապում, չնայած այդ եկամուտը բավական չէր գոյությունը պահպանելու համար: Ընդունակ Էքվթիմեն գիմնազիան հաջողությամբ է ավարտել և արծաթե մեդալով պարգևատրվել:

Էքվթիմեն ուսումը շարունակել է Ռուսաստանում` քաղաք Պետերբուրգի համալսարանում: Նա սովորում էր պատմա-բանասիրական ֆակուլտետում: Ռուսաստանում ապրելու տարիները շատ կարևոր էին ապագա գիտնականի համար: Պետերբուրգի համալսարանում նա կուտակել էր խորը գիտելիքներ և փորձ:

Վրաստան վերադարձած Էքվթիմեն անմիջապես ակտիվ գործունեություն է ծավալել: Նա անընդհատ որոնել է և հավաքել պատմական և հնագիտական նյութեր: Էքվթիմեն բազմաթիվ եկեղեցական գրքեր և այլ պատմական նյութեր է հավաքել: Էքվթիմե Թաղաիշվիլին շատ է աշխատել վրացական եկեղեցու պատմության ստեղծման վրա:

Էքվթիմեն շատ է ճանապարհորդել Վրաստանում և պատմական նյութեր հավաքել: Նա շատ ձեռագրեր է հայթայթել: Այդ թվում «Վագրենավորի» 17 հնագույն ձեռագիր է գտել:

Էքվթիմե Թաղաիշվիլին Վրաստանի համալսարանի հիմնադիրներից մեկն է: Նա դարձել է համալսարանի առաջին պրոֆեսորներից մեկը: Այս շրջանում նա ակտիվորեն պայքարում էր վրացական եկեղեցու անկախության վերականգնման համար:

Ուղևորություն Ֆրանսիա

1921 թվականին Վրաստան է ներխուժել խորհրդային իշխանությունը: Վրաստանի Կառավարությունը տեղափոխվել է Եվրոպա: Կառավարության անդամներն իրենց հետ տարել են Վրաստանի պատմական գանձը: Նրանք այդպես փորձել են փրկել Վրաստանի պատմական գանձը:

Էքվթիմեն վճռել է գանձը պահպանելու համար մեկնել Ֆրանսիա: Նա իր ամուսնու հետ Փարիզ է տեղափոխվել:

Վրաստանի գանձի պահպանումը և խնամքը բարդ գործ էր: Շատ մեծ թանգարաններ փորձել են գնել վրացական գանձը: Դրանց թվում էին նաև Բրիտանիայի և Նյու Յորքի թանգարանները: Բացի այդ, Սամեգրելոյի կառավարիչ Դադիանին Զուգդիդիի թանգարանից տեղափոխած գանձի ժառանգորդ է հայտարարել իրեն: Նա նույնիսկ հայց է ներկայացրել դատարան: Էքվթիմե Թաղաիշվիլին կարողացել է պահպանել նաև գանձի այդ կարևոր մասը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի ֆաշիստները ևս իմացել են Վրաստանի գանձի մասին: Նրանք խուզարկել են Էքվթիմե Թաղաիշվիլիի բնակարանը: Էքվթիմե Թաղաիշվիլին կարողացել է վրացի բարեկամների հետ թաքցնել գանձը: Ավելի ուշ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ գանձը իրեն էր պատկանում: Էքվթիմե Թաղաիշվիլին և այլ հայրենասեր վրացիներ այս անգամ ևս կարողացել են պաշտպանել վրացական գանձը: Նրանք անդուլ կերպով պայքարում էին գանձի պահպանման համար:

Էքվթիմե Թաղաիշվիլին և նրա ամուսինն ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ: Հաճախ սննդի փող չեն ունեցել և քաղցած են մնացել: Այդ ժամանակ Էքվթիմեի մոտ հաճախ են եկել տարբեր երկրների թանգարաններից և նրան շատ մեծ գումարներ առաջարկել` պատմական գանձը գնելու համար: Էքվթիմե Թաղաիշվիլին բոլոր իրերը շատ լավ պահպանել է: Նույնիսկ չի կարողացել պատկերացնել, որ կարելի է վրացական գանձը վաճառել: Այս շրջանում Էքվթիմեի ամուսինը վախճանվել է: Սա շատ ծանր հարված էր արդեն ծեր Էքվթիմեի համար: Միայնակ մնացած Էքվթիմեն սովից, ցրտից և հիվանդությունից շատ անգամ քիչ է մնացել վախճանվի: Նույնիսկ ամենածանր շրջանում նա մտածում էր գանձի պահպանման մասին: Կարծես այդ նպատակն էր նրան ուժ տալիս:

Վրաստանի գանձին տարբեր կողմերից էր վտանգ սպառնում: Մեծ աշխատանքի հետևանքով, 1944 թվականին Ֆրանսիայի կառավարությունը համաձայնել է գանձը վերադարձնել Վրաստանին: 249 արկղերի մեջ տեղավորված գանձը Էքվթիմեի ուղեկցությամբ Վրաստան է վերադարձել:

Կյանքի վերջին տարիները

82 տարեկան էր Էքվթիմեն, երբ կարողացել է վերադառնալ Վրաստան: Տարեց գրողը շարունակել է իր գործունեությունը համալսարանում: Էքվթիմե Թաղաիշվիլին երջանիկ էր, որ հայրենիքում էր գտնվում: Նա ողջ Վրաստանի մեծ հարգանքն էր վայելում:

Կյանքի վերջին տարիներին Էքվթիմե Թաղաիշվիլիին շատ է ճնշել խորհրդային իշխանությունը: Նրան ազատել են համալսարանից: Նրա որդեգրին կալանավորել են, աշխատակիցներին և ընկերներին արգելում էին տեսնել Էքվթիմեին:

Էքվթիմե Թաղաիշվիլին 90 տարեկան հասակում է վախճանվել: Նրա հուղարկավորությանը ներկա են եղել միայն հավատարիմ բարեկամները: Մեծ վրացին հուղարկավորված է Մթածմինդայի պանթեոնում: Վրաց եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը: