Վիկայի և Վակոյի հեքիաթները թութակի և կատվի մասին

Ընթերցանության երեկոները շարունակվում են: Այսօր Վիկայի և Վակոյի օրն է: Նրանք երկու հեքիաթ կկարդան Թոկոյի և Թակոյի համար: Այդ հեքիաթներն էլ կքննարկեն երեխաների հետ: Թեման կրկին թութակի և կատվի պատմություններն են:

Ամեն երեկո հեքիաթներ են լսում նաև Փեփոն և Չիկոն: Փեփոն վերջին երկու օրերին տխուր է: Կարծես զգում է, որ կատվի մասին տհաճ հեքիաթներ են կարդում: Թոկոն և Թակոն ոչինչ զգացնել չեն տալիս, սակայն Փեփոն ամեն ինչ կռահում է և մի քիչ տխուր է, սակայն զգացնել չի տալիս ...

Վիկան և Վակոն որոշել են երեխաների համար երկու հեքիաթ ընտրել: Շատ ընտրեցին, շատ փնտրեցին և ի վերջո առանձին թութակի և առանձին կատվի մասին երկու հետաքրքիր հեքիաթ հայտնաբերեցին` հնդկական հեքիաթներ «Իմաստուն թութակը» և «Կրիշնայի կատուն»: Վակոն «Իմաստուն թութակ» հեքիաթն է ընտրել:

Վակոն շատ մտածեց այս հեքիաթն ընտրելիս: Վախենում էր երեխաների արձագանքից, որ նրանք վատ չհասկանան, սակայն մտածեց, որ այն լավ կլիներ քննարկման և վերլուծման համար, և գեղեցիկ երեկո կանցկացնեն: Այդ պատճառով էլ, ի վերջո որոշեց այդ հեքիաթը կարդալ Թոկոյի և Թակոյի համար: Վիկան, Թակոն և Թոկոն մեծ ուշադրությամբ լսում էին Վակոյի ընթերցածը ...

ԻՄԱՍՏՈՒՆ ԹՈՒԹԱԿԸ

(Թոփչիշվիլիի թարգմանության հարմարեցված տարբերակը)

Մի վաճառական մի թութակ ուներ: Մի անգամ վաճառականը որոշում է առևտրի գնալ: Մեկնելու ժամանակ հավաքում է ընտանիքի անդամներին և բոլորին հարցնում.

- Ես առևտրի եմ գնում: Ասացե՛ք, խնդրեմ, ում ինչ նվեր բերեմ: Նվերից ոչ ոք չհրաժարվեց: Վաճառականը հրաժեշտ տվեց ընտանիքին, և արդեն պատրաստվում էր գնալ, որ հանկարծ հիշեց թութակին:

- Քեզ ի՞նչ բերեմ, - հարցրեց վաճառականը թութակին:

- Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ուղղակի կատարի՛ր իմ մի խնդրանքը, - ասաց թութակը, - այն քաղաքում, ուր առևտրի ես գնում, մի դաշտ կա, դաշտում մի ծառ կա կանգնած, դրա վրա թութակներ են բնադրում: Տե՛ս այն թութակներին, նրանց փոխանցի՛ր իմ բարևը և ասա՛` իմ թութակը վանդակում է փակված և ձեզ լուր է ուղարկել. «Դուք որ ազատ թռչում եք և նեղության մեջ եղածի մասին չեք հիշում, ի՞նչ է քարե սիրտ ունեք: Եկե՛ք, մեզ գերությունից ազատե՛ք, թե չէ վանդակներում շունչներս կփչենք»: Հապա, տեսնենք, թե ի՞նչ կասեն: Եթե դա կատարես, ինձ մեծ ծառայություն մատուցած կլինես:

- Լավ, այդպես կանեմ, - ասաց վաճառականը և թութակի ասածը մտապահեց:

Վաճառականը գնաց քաղաք, գնեց նվերները և շտապեց դեպի դաշտ, որտեղ թութակներ էին բնադրում: Տեսավ դաշտում մի հսկայական բազմամյա ծառ է կանգնած` վրան թութակներ:

- HՀե՜յ, թութակնե՛ր, - ձայն տվեց վաճառականը, - իմ թութակը ձեզ բարև է ուղարկել, - բառացիորեն կրկնեց այն, ինչ ասել էր իր թութակը: Դեռ չէր ավարտել խոսքը, որ հանկարծ թութակները ծառից անշունչ ցած թափվեցին:

Վաճառականը զարմացավ, մտածեց, գուցե այդ վայրի թութակներն առաջ իր թութակի ընկերներն էին և, երբ լսեցին նրա պատմությունը, սատկեցին:

Վաճառականը նայեց սատկած թութակներին, նայե՜ց: Վերջում քաղաք վերադարձավ և պատրաստվեց մեկնելու:

Տուն վերադաձավ խաղաղությամբ, բոլորին նվերներ բերեց, իսկ թութակին ոչինչ չասաց: Չէր ուզում ընկերների մոհով նրան վշտացնել:

Թութակն ինքը հարցրեց.

- Պարո՛ն, փոխանցեցի՞ր արդյոք իմ ողջույնը, ինչո՞ւ պատասխանը չես ասում ինձ:

- Քո բարևը փոխանցեցի, - պատասխանեց վաճառականը, - սակայն պատասխան չեմ ստացել:

PԹութակը շատ տխրեց:

- Այդ դեպքում, գոնե պատմի՛ր, թե դաշտում ի՞նչ տեսար:

Վաճառականն ուրիշ ելք չուներ, պատմեց ամեն ինչ:

- Ինչպես ասացիր ինձ, գնացի այն դաշտ: Տեսա, ծառի վրա թութակներ են նստած: Հենց քո ողջույնը փոխանցեցի, անմիջապես անշունչ ցած թափվեցին:

Վաճառականն այդ ասաց թե չէ, թութակն անշունչ ցած ընկավ:

Անհանգստացավ վաճառականը: Մտածեց, որ ընկերների մահվան լուրը չպետք է հայտներ:

Հետո բացեց վանդակը, բռնեց թութակի ոտքերից և պատուհանից դուրս նետեց: Իսկ նա թփրտաց և թռավ:

Վաճառականը հասկացավ, որ վայրի թութակները ևս կենդանի էին, նրանք սովորեցրին իրենց ընկերոջը, թե ինչպես ազատվի գերությունից . ..

Վակոյի հեքիաթից հետո երեխաները մի փոքր ժամանակ լռեցին: Վերջում Թակոն ժիր գտնվեց և մորը խնդրեց.

- Մայրի՛կ, հիմա քո հեքիաթը կարդա և հետո խոսենք, հիմա դեռ չեմ ուզում այդ մասին խոսել:

Վիկան էլ կատարեց երեխաների խնդրանքը և սկսեց կարդալ Կրիշնայի կատվի պատմությունը: Կարդում էր Վիկան Կրիշնայի կատվի պատմությունը, սակայն նկատում էր, որ երեխաները չեն լսում իրեն: Թոկոն և Թակոն մտքերի մեջ էին ընկած և ակնհայտ երևում էր, որ Վակոյի կարդացած թութակի պատմությունից նրանք մտահոգվել էին: Վիկան անսպասելիորեն դադարեցնում է ընթերցումը: Երեխաները չեն արձագանքում: Մորը չեն հարցնում, թե ինչու չի կարդում այլևս: Նույնիսկ չեն նկատում, որ այլևս ոչ ոք չէր կարդում գիրք: Թոկոն և Թակոն շարունակում էին իրենց համար մտածել, և Վիկային և Վակոյին ոչ էլ նկատում էին:

Թակոն և Թոկոն երկար ժամանակ նստած էին մտախոհ: Վերջում կրկին Թակոն համարձակվեց.

- Այսինքն, ի՞նչ եք ուզում ասել, Չիկոյին արձակենք, վանդակի մեջ չպե՞տք է պահենք նրան:

Վակոն ամբողջ գիշեր մտածում էր, մտածում էր, թե արդյոք չի՞ սխալվել գրքի ընտրությամբ, երեխաների հետ ուզում էր քննարկել գիրքը: Իսկ քննարկման փոխարեն ... Իսկ Թոկոն և Թակոն ամբողջ գիշեր Չիկոյի մասին էին մտածում, երեխաները համարյա չեն քնել: Հաջորդ օրը նույնիսկ ուշացան դպրոցից, քանի որ դեռ նոր էին քնել, երբ արդեն եկավ դպրոց գնալու ժամանակը:

Դպրոցի Թոկոյին և Թակոյին սպասում էին Պակոն, մյուս ընկերները և նոր ուսուցիչը ...