READING.GE

ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

- Թոկո՛, Թակո՛, արթնացե՛ք, ուշանում եք դպրոցից, արդեն ժամը 8-ն է:

- Շատ ենք ուզում քնել, հայրի՛կ, մի քիչ էլ քնենք ...

- Մի քիչ որ քնեք, դպրոցից կուշանաք, և ձեր պատրաստած բուրիտոն էլ տանը կմնա, - ներգրավվում է երեխաների արթնացմանը Վիկան:

- Վա՜յ, վեր կենանք, վեր կենանք, Թոկո՛, արա՛գ, չուշանանք դպրոցից, չէ՞ որ այսօր դպրոցում կերակրատեսակների փառատոն է լինելու: Տանենք մեր պատրաստած մեքսիկական բուրիտոն ...

- Ես հենց հիմա վեր կկենամ, այդ բուրիտոն որ պատրաստում էի, այդ պատճառով ուշ քնեցի և չեմ կարող արթնանալ: Հուսով եմ, որ երեխաները կհավանեն իմ և Թոկոյի ձեռքի գործը ...

Թոկոյի, Պակոյի և Թակոյի դպրոցում այսօր սկսվում է կերակրատեսակների փառատոն: Աշակերտներն ընտրել են տարբեր երկրների խոհանոցներ և նրանց հանձնարարվել է ներկայացնել այդ երկրներին բնորոշ ճաշատեսակներ: Թոկոյին և Թակոյին հանձնարարվել է պատրաստել և ներկայացնել մեքսիկական խոհանոցը, Պակոյին` իտալականը: Փառատոնին ներկայացված են նաև բազմաթիվ այլ երկրների խոհանոցներ` չինական, աֆրիկական, ռուսական, վրացական:

Թոկոն և Թակոն բավականին մեծ և երկար բուրիտո պատրաստեցին: «Մեր դասարանի բոլոր աշակերտներին պետք է համտեսել տանք, այդ պատճառով մեծ բուրիտո պետք է ստացվի», - պնդում էին երեխաները և, իրոք, բավական մեծ ստացվեց, այնպիսին, որ ամբողջ դասարանին կբավականացներ:

Ծնողները ևս օգնեցին Թոկոյին և Թակոյին: Մեծ բուրիտոն մեծ ճռճռան թղթով փաթաթեցին, Թակոն ձեռքը բռնեց և ճամփա ընկան դեպի դպրոց ...

Թոկոյի, Թակոյի և Պակոյի դպրոցում նոր կանոններ են ներմուծել: Դպրոցում մանդատային է աշխատում: Գիտե՞ք, թե ո՞վ է մանդատայինը, և ի՞նչ է անում նա: Մանդատայինը կարգուկանոն է պահպանում դպրոցում, մանդատայինի գործառույթն այն է, որ դպրոցում բոլոր երեխաներն իրենց անվտանգ զգան: Այդ պատճառով է, որ մանդատայինները հատկապես առավոտյան են մոբիլիզացված: Բոլոր աշակերտներին ուշադիր նայում են, որ որևէ կասկածելի բան չբերեն դպրոց:

Դպրոց հասած Թոկոյի և Թակոյի ճանապարհը անսպասելիորեն կտրեց մանդատայինը:

- Բա՛րև, այս ի՞նչ եք բռնել, - հարցրեց մանդատայինը երեխաներին:

- Բուրիտո՛, - միաձայն պատասխանեցին Թոկոն և Թակոն:

- Բուրիտո է, թե՞ Կալաշնիկով, չգիտեմ, չեմ կարող թողնել, որ դա ներս տանեք, այստե՛ղ թողեք, պետք է ստուգեմ և ծնողների հետ կուղարկեմ հետ, - ավելի խստացավ մանդատայինի ձայնը:

- Ինչո՞ւ չեք թողնի ներս տանենք, ուսուցիչն է հանձնարարել, - չհամաձայնեց մանդատայինի հետ Թակոն:

- Կպարզեմ այդ հարցը: Ուսուցիչն ո՞ւմ, ի՞նչ և ինչո՞ւ է հանձնարարել դպրոց ներս տանել այսպիսի իրեր: Հենց հիմա կկազմեմ արձանագրություն և այս բուրիտոն մոտս կթողնեմ:

Թոկոն և Թակոն տխրեցին: Երեխաների ոգևորվածությունն անհետացավ: Բարեբախտաբար, հենց այդ պահին հայտնվեց նրանց ուսուցիչը:

- Այսօրվա նախագծի համար բուրիտո էինք բերել, և մանդատայինն այն առգրավեց, մեքսիկական ուտեստ էինք ուզում ներկայացնել կերակրատեսակների փառատոնին, սակայն .... , -բողոքեցին երեխաներն ուսուցչին:

- Ինչո՞ւ առգրավեց: Հենց հիմա կպարզեմ, - և դեպի մանդատայինն ուղղվեց Թակոյի ուսուցիչը:

Շուտով ուսուցիչը վերադարձավ` բուրիտոն ձեռքը:

- Մի՛ անհանգստացեք, երեխանե՛ր, մանդատայինը կասկածելի իր էր կարծում, չի կռահել, որ նախագծի համար բուրիտո էիք բերում, չէ՞ որ նրա պարտականությունը դպրոցում կարգուկանոնի պահպանումն է, այդ պատճառով մի՛ դատապարտեք նրան, հենց որ բացատրեցի, անմիջապես վերադարձրեց ձեր բուրիտոն, այն էլ առանց արձանագրության , - ծիծաղելով ասաց ուսուցիչը Թոկոյին և Թակոյին և նրանց վերադարձրեց իրենց բուրիտոն:

- Նրա պարտավորությունը դպրոցում կարգուկանոնի պահպանումն է, այլ ոչ թե կերակրատեսակների փառատոնի խափանումը, - չէր կարողանում հանգստանալ զայրացած Թակոն ...

Շուտով բացվեց կերակրատեսակների փառատոնը: Թոկոն և Թակոն բոլորին ծանոթացնում և համտեսել էին տալիս իրենց ձեռքի գործը:

- Սա՛ բուրիտո է` մեքսիկական ուտեստ: Դրա պատրաստելն այնքան էլ բարդ չէ, դրա պատրաստման համար անհրաժեշտ է միայն տավարի միս, լոբի, սոխ, սխտոր, պղպեղ, աղ, բարակ մեքսիկական հաց (տորտիլա), – չէր կարող լռել հիացած Թոկոն:

- Ի դեպ, որոշ մեքսիկացիներ ասում են, որ բուրիտոն ամբողջովին մեքսիկական չէ, - Թոկոյի խոսքը կտրեց Պակոն, - ճիշտ է մեքսիկացիներն են պատրաստել, սակայն այն ավելի տարածված է հյուսիսային Մեքսիկայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հարավային Մեքսիկայում այն չի համարվում ավանդական ուտեստ:

- Ճիշտ ես, Պակո՛, - համաձայնեց Թակոն ընկերոջ հետ, - բուրիտոն իսկապես Հյուսիսային Մեքսիկայի ուտեստ է, գիտե՞ս նրա ստեղծման և անվանման պատմությունը:

- Ո՛չ, դա չգիտեմ, ինչ-որ հետաքրքի՞ր բան է, - հետաքրքվեց Պակոն:

- Այո՛, հետաքրքիր է ... Մի խոսքով, բուրիտոյի մասին բազմաթիվ լեգենդներ ու պատմություններ գոյություն ունեն, տարբերակներից մեկի համաձայն, բուրիտոն առաջին անգամ պատրաստել են Մեքսիկայի նահանգներից մեկում` Չիհուահուայում, Մեքսիկական հեղափոխության ժամանակ: Մի մարդ արագ սննդի համար փոքր բիզնես ուներ: Որպեսզի ուտեստը չսառչեր, այս մարդը այն փաթաթում էր բարակ մեքսիկական հացի` տորտիլայի, և անձեռոցիկի մեջ: Այսպես փաթաթած ուտեստը շուտով հայտնի դարձավ Մեքսիկայի հյուսիսային մասում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հատկապես Տեխասի նահանգում: Քանի որ ուտեստը հայտնի է դարձել, այս գործարարը որոշել է փոքրիկ ավանակ գնել, ուտեստը տեղափոխել Ամերիկա և այնտեղ վաճառել: Անվանումն էլ այդտեղից է տվել, իսպաներեն փոքրիկ ավանակը «բուրո» է կոչվում, իսկ բուրիտո ավանակի փաղաքշական անունն է իսպաներեն:

- Ճի՞շտ, շատ հետաքրքիր է, իսկապես չգիտեի այսքան բան բուրիտոյի մասին: Ես միայն գիտեի, որ մեքսիկացիներն իրենց ավանդական ճաշատեսակ են համարում ավելի այլ ուտեստներ... Որքան բան իմացա կերակրատեսակների փառատոնի ժամանակ տարբեր երկրների մասին: Որքան շատ լինեն այսպիսի օրերը, այնքան ավելի լավ: Այսպիսի ժամանակ ավելի շատ եմ սովորում և ավելին իմանում, միևնույն ժամանակ զվարճալի է և հետաքրքիր, բոլորովին էլ ձանձրալի չէ որոշ դասերի նման, - գոհ էր այսօրվա օրով Պակոն:

Թոկոն և Թակոն իրենց ուտեստը բոլոր ընկերներին համտեսել տվեցին: Բոլոր երեխաները հիացած էին երեխաների պատրաստած ուտեստով: Եթե ավելի մեծ բուրիտո պատրաստեին, այն էլ չէր բավականացնի, այնքան էին հավանել երեխաները ... Թակոն ուտեստից մի փոքր մաս հենց սկզբից կողքի էր դրել, իսկ դուրս գնալիս մանդատայինին հրամցրեց.

- Խնդրե՛մ, սա՛ մեր ուտեստն է, կհավանեք, - ասաց Թոկոն մանդատայինին:

Մանդատայինը երեխաներից վերցրեց բուրիտոն, համտեսեց, ակնհայտորեն հավանեց և ամոթխածությամբ ժպտաց նրանց ..