Լեոնարդո դա Վինչի

Ներածություն

Ո՞վ էր Լեոնարդո դա Վինչին: Մեծ գեղանկարի՞չ, գյուտարա՞ր, ինժեներ-կոնստրուկտո՞ր, գրող և մտածո՞ղ: Այս հարցին միանշանակ պատասխան գոյություն չունի: Թեպետ գերադասում ենք ամեն ինչի մասին հետևողականորեն խոսել: Եզրակացություները, թե ո՞վ էր Լեոնարդո դա Վինչին, ինքնե՛րդ արեք:

Մանկությունը

Լեոնարդոն ծնվել է 1452 թվականին Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքում: Նրա ծնողները ամուսնացած չէին: Փոքրիկ Լեոնարդոն մոր մոտ էր մեծանում: Լեոնարդոյի մայրը գեղեցիկ գեղջկուհի Կատերինան էր: Լեոնարդոյի հայրը շուտով ամուսնացել է ուրիշ, հարուստ և մեծատոհմիկ կնոջ հետ: Նրանք զավակ չեն ունեցել: Հայրը` Պիերո դա Վինչին, Լեոնարդոյին իր մոտ է տարել: Լեոնարդոյին լավ կրթություն են տվել: Հայրը ուզում էր, որ որդին իր մասնագիտությունն ընտրեր: Ոչինչ չի ստացվել, Լեոնարդոյին չէին հետաքրքում օրենքները:

Լեոնարդոն երեք տարեկան էր, երբ նրան տարել են մոր մոտից: Ամբողջ կյանքում մեծ գեղանկարիչը և մտածողը փորձել է մտաբերել մոր դեմքը և արտացոլել այն իր նկարներում:

Լեգենդ Գորգոնայի վահանի մասին

Գոյություն ունի լեգենդ, որը վերաբերում է Լեոնարդոյի նկարազարդած վահանին: Լեոնարդոն 15 տարեկան էլ չի եղել, երբ մի ծանոթ գեղջուկ հորը խնդրել է մի նկարչի խորհուրդ տալ, որը կնկարազարդեր կլոր վահանը: Հայրը վահանը նկարազարդելու է տալիս իր որդուն: Երիտասարդ Լեոնարդոն որոշում է վահանի վրա արտացոլել Գորգոնա մեդուզային: Որպեսզի մարդու վրա տպավորություն գործեր, Լեոնարդոն ուսումնասիրել է բազմաթիվ մողեսներ, մորեխներ, օձեր և թրթուրներ: Ի վերջո, այնպիսի հրեշ է նկարել, որը կենդանի հրեշի էր նման: Հրեշը կարծես բերանից կրակ էր արձակում և իր շնչով թունավորում օդը: Լեոնարդոյի հայրը, տեսնելով նկարը, նույնիսկ ցնցվել է: Այդ ժամանակ Լեոնարդոն հորը բացատրել է. «Չէ՞ որ այս ստեղծագործությունը հենց այս նպատակին է ծառայում: Նա այնպիսի տպավորություն է գործում, ինչպիսին պետք է գործի արվեստի նմուշը»: Լեոնարդոյի հայրը գեղջուկին ուրիշ վահան է տվել, իսկ որդու նկարածը Ֆլորենցիայում վաճառել է շահավետ գնով: Լեգենդի համաձայն, այս վահանը գնել է Մեդիչիների ընտանիքը: Երբ այս վահանը կորել է, ժողովուրդը Մեդիչիների օրինական ժառանգորդին և քաղաքի ավագին քաղաքից վտարել է: Տարիներ անց, կարդինալ Դել Մոնտեն Գորգոնայի գլխով վահան է նկարազարդել տվել անվանի նկարիչ Կարավաջոյին: Կարդինալը վահանը նվիրել է Մեդիչիների ընտանիքի ներկայացուցչին` Ֆերդինանդ Մեդիչիին` որդու հարսանիքը շնորհավորելու նպատակով:

Պատանեկությունը և Ֆլորենցիայի շրջանը

15 տարեկան Լեոնարդոյին Ֆլորենցիա են ուղարկել` արհեստավորի աշակերտ: Ֆլորենցիան Իտալիայի կրթության կենտրոն էր համարվում: Լեոնարդոյին հանձնում են Անդրեա դել Վեռոկքիոյի արվեստանոց: Վեռոկքիոյի արվեստանոցում Լեոնարդոն սովորում էր գծագրություն, քիմիա, մետաղի վրա աշխատել, գիպսի և կաշվի մշակում: Բացի այդ, նա տիրապետում էր գեղանկարչության, քանդակագործության և մոդելավորման: Վեռոկքիոյի արվեստանոցում Լեոնարդո դա Վինչիի հետ աշակերտում էին շատ ապագա անվանի նկարիչներ` Պերուջիոն, Բոտիչելին, Լորենցո դի Կրեդին և շատ-շատ ուրիշներ: Վեռոկքիոյի արվեստանոց հաճախ էին այցելում անվանի նկարիչներ, Գիրլանաիոն և ուրիշներ:

20 տարեկան հասակում Լեոնարդոն ստանում է Սուրբ Ղուկասի գիլդիայի վարպետի կոչում:

Հաղթանակած աշակերտը

Մի անգամ վարպետը Լեոնարդոյին խնդրել է տաճարի պատերից մեկի վրա հրեշտակ նկարել: Լեոնարդոյի նկարած հրեշտակը ստվերել է վարպետի աշխատությունը: Ասում են, Լեոնարդոյի առաջին վարպետը հրաժարվել է նկարչությունից: Նա չի կարողացել վերապրել այն, որ իր աշակերտն իրեն գերազանցել է նկարչության մեջ: Լեոնարդոն դեռ Վեռոկքիոյի մոտ էր աշխատում, երբ առանձնահատուկ աշխատությունների համար նրան ընդունել են Ֆլորենցիացի նկարիչների միություն:

Վեռոկքիոյի նկարը «Քրիստոսի մկրտությունը»: Ձախ (ներքևի) հրեշտակը Լեոնարդոյի

աշխատանքն է:

Լեոնարդոն հեռացել է վարպետի արվեստանոցից: Նա մնացել է Ֆլորենցիայում և աշխատել ինքնուրույն: Ֆլորենցիայում աշխատելու վերջին տարիներին նա 2 մեծ պատվեր է ստացել` «Մոգերի երկրպագությունը», որը պետք է կատարվեր Սան-Դոմինիգո վանքում, իսկ երկրորդը ենթադրում էր Սուրբ Բեռնարդի կապելլայի նկարազարդում: Թեպետ, առաջին աշխատությունը երբեք չի ավարտվել, իսկ երկրորդը` երբեք չի սկսվել: Լեոնարդոն երկու աշխատանքն էլ թողել է և տեղափոխվել Միլան:

Լեոնարդո դա Վինչիի կարիերան զարգանում էր: Չնայած, ոչ ավանդական կողմնորոշման համար, նրան շատ աշխատանքներից հեռացնում են: Առանձնապես վիրավորական էր Լեոնարդոյի համար, որ նրան չեն հրավիրել Սիքստինյան կապելլան նկարազարդելու:

Միլանյան շրջանը

Միլան մեկնած Լեոնարդո դա Վինչիին 1482 թվականին վարձել է քաղաքի դուքսը: Լեոնարդո դա Վինչիի տիտղոսը դուքս Լոդովիկո Սփորզայի մոտ «Դուքսի նկարիչ և ճարտարագետ» էր: Իրականում Լեոնարդոն նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ էր: Ավելին, Լեոնարդոն աշխատում էր շինությունների դիզայնի և ռազմական հայեցակարգերի մշակման վրա: Լեոնարդո դա Վինչին Միլանում ապրել է 17 տարի: Միլանից նրա գնալու պատճառ է դարձել դուքսի իշխանության կորուստը` Ֆրանսիայի Միլան ներխուժման հետևանքով:

Միլանում եղած տարիներին Լեոնարդոն առնվազն 6 կարևորագույն աշխատություն է ստեղծել, այդ թվում «Խորհրդավոր ընթրիքը»: Շատ դժվար է տեսնել Լեոնարդոյի` եկեղեցիների պատերի վրա կատարված, այս շրջանի ստեղծագործություններ:

Մասնագիտական գործունեությունը 1476-1513 թվականներին

24 տարեկան Լեոնարդոյին 3 այլ երիտասարդների հետ դատարանին են հանձնել: Նրան մեղադրում էին ոչ ավանդական կողմնորոշման մեջ: Դատարանը արդարացրել է երիտասարդներին: Թեպետ այս շրջանից հետո Լեոնարդոյի կյանքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, սակայն, հավանաբար, նա իր սեփական արվեստանոցն է ունեցել Ֆլորենցիայում: Սա շարունակվում էր 1476-ից մինչև 1481 թվականը:

Կզարմանաք, սակայն Լեոնարդոն նաև տաղանդավոր երաժիշտ էր: 1484 թվականին նա ստեղծել է արծաթյա քնար, որը ձիու գլխի նման ձև ուներ: Լորենցո Մեդիչին` Ֆլորենցիայի դուքսը, Լեոնարդոյին խաղաղության դեսպան է ուղարկել Միլանի դուքս Լոդովիկո Մորոյի մոտ: Լեոնարդոյի ստեղծած քնարն էլ նվիրաբերել են Մորոյին:

Խորհրդավոր ընթրիք, 1495-1499

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» համաշխարհային գլխուխգործոցների թվում աչքի ընկնող գործերից մեկն է: Նույնիսկ 500 տարի հետո Լեոնարդոյի այս աշխատությունը ամենից մանրակրկիտ կերպով է ուսումնասիրվում գիտնականների և արվեստագետների կողմից, իսկ «Խորհրդավոր ընթրիքի» վերարտադրանկարները ամենից հանրաճանաչն են ու ամենավաճառվողը ողջ աշխարհում:

«Խորհրդավոր ընթրիքը» ստեղծելու պատմությունը տարբեր չէ մյուս պատմություններից: 1495 թվականին ոմն Լոդովիկո Իլ Մորե Լեոնարդոյին պատվիրել է նկարազարդել սեղանատան պատը: Այդ տաճարը Միլանում է գտնվում: Լեոնարդոյին պատվիրել են նկարել Քրիստոսին և տասներկու առաքյալներին: Նկարիչն իր աշխատության մեջ շատ հետաքրքիր պահ է արտացոլել` Քրիստոսը առաքյալներին տեղեկացնում է իրենց մեջ դավաճանի առկայության մասին: Լեոնարդոյի աշխատության ողջ մեծությունը կայանում է նրանում, որ բոլոր դեմքերը առանձնահատուկ հույզեր, հատկություններ և բնավորություն ունեն, և այս ամենը պարզորեն արտացոլվում է որմնանկարում:

Լեոնարդոն որմնանկարն ավանդական մեթոդով չի կատարել: Նա չէր ուզում այն ներկերն օգտագործել, որ կիրառվում էին որմնանկարներ կերտելիս և արագ չորանում էին: Նա ցանկանում էր բավական ժամանակ ունենալ յուրաքանչյուր դեմքը ստեղծելու համար: Ցավոք, Լեոնարդոյի այս որմնանկարն այնպես դիմացկուն չէր, ինչպես դրա միլիոնավոր վերարտադրանկարները և պաստառը: 16-րդ դարի առաջին կեսին որմնանկարը սկսել է քայքայվել: Ռեստավրատորները փորձում են Լեոնարդոյի գործը պահածոյացնել: Իսկ իրականում որմնանկարը բազմիցս ներկվել է:

«Խորհրդավոր ընթրիքը» Իտալիայում ամենանշանակալի աշխատություններից մեկն է: Հեշտ չէ այն տեսնելը: Մեկ անգամին միայն մինչև 20 մարդ կարող է դիտել աշխատությունը: Միևնույն ժամանակ, առավելագույն ժամանակը, որ կարող է դիտողը անցկացնել աշխատությունը դիտելով, 15 րոպե է: Մուտքի տոմսն անհամեմատ ավելի շուտ է պետք ամրագրել:

Անձնական կյանքը

Լեոնարդոն բազմաթիվ ընկերներ և աշակերտներ ուներ, սակայն այն, թե որքանով ուներ սիրելի մարդ, այդ մասին հավաստի տեղեկություններ չկան: Լեոնարդոյի երիտասարդ տարիների դատը ազդել է նրա բնավորության վրա: Նա հասարակությունից ամեն կերպ թաքցնում էր իր անձնական կյանքը: Լեոնարդոն կին չի ունեցել: Գոյություն ունի մի քանի վարկած, որ Լեոնարդոն սիրում էր և հարաբերություն ուներ Միլանի դուքսի` Լոդովիկո Մորոյի սիրեցյալի` Չեչիլիա Գալենարի հետ: Ոչ ոք ստույգ չգիտի, թե այս տեղեկությունը որքանով է ճիշտ: Սակայն Լեոնարդոն «Կզաքիսով տիկինը» հայտնի նկարում հենց Չեչիլիային է նկարել:

Ջոկոնդա` Մոնա Լիզա

Լեոնարդոն բազմաթիվ նշանավոր գործեր է թողել մեզ, որոնց մեծ մասը այսօր էլ հիացնում է բոլորին: Նրա գեղանկարչության գլուխգործոցներից աչքի է ընկնում 16-րդ դարի յուղաներկ կտավը` «Մոնա Լիզան», որը մեզ ծանոթ է նաև «Ջոկոնդա» անվանվամբ: Սա Լեոնարդոյի ամենահայտնի աշխատությունն է: Կտավի ստեղծման պատմությունը երկար ժամանակ եղել է քննարկումների և վեճերի առարկա: Հիմնականում կտավի բնորդուհու մասին են քննարկումները: Եվ այնուամենայնիվ, ո՞վ էր այն կինը, իր խոհուն, առեղծվածային ժպիտով, որին Լեոնարդոն պատկերել է իր կտավի վրա: Ո՞վ էր այն կինը, որին Լեոնարդոն անմահություն շնորհեց: Գոյություն ունի լեգենդ, որ Լեոնարդոյին կտավը պատվիրել է մետաքսի վաճառական Ֆրանչեսկո Ջիոկոնդոն, իսկ կտավի վրա վաճառականի կինն է պատկերված: Հարուստ զույգը կտավը նոր տան համար էր պատվիրել: Զույգը երկրորդ տղան էր ունեցել, և նրանք այս կերպ էին նշում իրենց ուրախությունը: Շատ գիտնականներ ընդունում են այս վարկածը, սակայն վեճերը միևնույն է չեն դադարում:

Մեկ այլ վարկածի համաձայն, Լեոնարդոն ինքն իրեն է պատկերել կտավի վրա` կնոջ դեմքով: Այլ վարկածների համաձայն, կնոջ աչքերի մեջ Լեոնարդոն շատ մեծ կարևորության գիտական բանաձևեր է նկարել, որը այսօրվա պայմաններում, համակարգչային տեխնոլոգիաների միջոցով վերծանել են:

Իրականությունն այն է, որ Լեոնարդոն այս կտավը նկարում էր երկար տարիների ընթացքում: Հետաքրքիր է նաև այն, որ հանճարը «Մոնա Լիզան» վերջնականապես չի ավարտել: Եթե դուք լինեք Փարիզում և «Մոնա Լիզան» դիտեք Լուվրում, ինքներդ կտեսնեք, որ կտավի վրա պատկերված կնոջ զգեստի փեշի վրա չկան այն հայտնի «ֆումատո» ստվերները, որոնք Լեոնարդոյի կտավները տարբերում են ժամանակակիցներից: Լեոնարդոյի ժամանակակցի տեղեկության համաձայն, Լեոնարդոն ողջ կյանքում զղջում էր, որ չէր ավարտել «Ջոկոնդան»:

Մոնա Լիզայի գողությունը

Լեոնարդոյի «Մոնա Լիզա» կտավի հետ կապված են շատ հետաքրքիր փաստեր: Շատ են նյարդայնացել 1911 թվականի օգոստոսի 21-ին Լուվրից այդ կտավը գողանալուց հետո: Թանգարանի բացման ժամանակ «Մոնա Լիզան» դիտելու եկած մարդիկ տեսել են նկարի դատարկ տեղը: «Մոնա Լիզան» Լուվրից գողացել էին:

Թանգարանը մեկ շաբաթով փակվել է: Դա բխում էր հետաքննության շահերից, իսկ ֆրանսիացի բանաստեղծ Ապոլիներին կալանավորել են և մեղադրանք ներկայացրել կողոպուտին մասնակցելու համար: Բանաստեղծն էլ, իր հերթին` այն ժամանակաշրջանի մեծ նկարիչ Պաբլո Պիկասսոյին է «բացահայտել» համագործակցության մեջ: Ի վերջո, երկուսին էլ ազատել են, քանի որ նրանց անմեղությունն ակնհայտ էր:

1912 թվականին, համարյա 2 տարի հետո, «Մոնա Լիզան» գտել են: Եզրակացության համաձայն, «Մոնա Լիզայի» գողը եղել էր Լուվրի աշխատակից Պերուջիան: Նա երեկոյան նկարը դուրս է տարել իր բաճկոնով, աշխատանքային օրն ավարտվելուց հետո: Պերուջիան իր գողությունը տարօրինակ կերպով է բացատրել: Նա ասել է, որ «Մոնա Լիզան» Իտալիայի սեփականությունն է, քանի որ Լեոնարդո դա Վինչին իտալացի էր: Թեպետ, գոյություն ունի նաև երկրորդ վարկածը: Գողի ընկերը նկարում էր «Մոնա Լիզայի» պատճենները և վաճառում դրանք: Ընկերները հստակ համոզված էին, որ պատճենների գինը կավելանար, եթե բնագիր նկարն անհետանար:

Պերուջիային այն ժամանակ են ձերբակալել, երբ նա փորձել է վաճառել «Մոնա Լիզան»: Կտավը վերադարձրել են Լուվր, և դրանից հետո այն այնտեղ է ցուցադրվում: Մոնա Լիզայի ժպիտն այսօր էլ միլիոնավոր դիտողների է հիացնում և հետաքրքրություն շարժում:

Կյանքի վերջին տարիները

Կլո-Լուսյե` Լեոնարդո դա Վինչիի վախճանվելու վայրը

Հետաքրքիր է, որ 1515 թվականի դեկտեմբերին Բոլոնիայում Լեոնարդոն ներկա է գտնվել թագավոր Ֆրանցիսկ I-ի հանդի-պմանը Հռոմի պապի` Լև X-ի հետ: Ֆրանցիսկը վարպետին պատվիրել է պատրաստել մեխանիկական առյուծ, որը քայլում էր և կրծքից շուշանների փունջ հանում: Գոյություն ունի վարկած, որ հենց այս առյուծն է դիմավորել

Լեոնարդո դա Վինչիի քանդակը Ամբուազեում, թագավորի պալատում

թագավորին Լիոնում, կամ Պապի հետ բանակցությունների ժամանակ այն իսկապես օգտագործել են:

1516 թվականին Լեոնարդոն ստացել է թագավորի հրավերը և բնակման է տեղափոխվել Կլոլուս, որը գտնվում էր թագավոր Ֆրանցիսկ I-ի թագավորական աշտարակի մոտ: Լեոնարդոն Մեգի անձնական նկարչի, ճարտարագետի և ճարտարապետի կոչում է ստացել և լուրջ վարձատրություն ստացել: Լեոնարդոն Իտալիայում չի ունեցել ճարտարագետի կոչում, իսկ Ֆրանսիայում նա առաջին իտալացին չէր, ով ստացել էր «երազելու, մտածելու և արարելու ազատություն»:

Ֆրանսիայում Լեոնարդոն գործնականում չի նկարել: Փոխարենը, նա ակտիվորեն ներգրավված է եղել պալատական տոնակատարությունների և ընդունելությունների մեջ, միևնույն ժամանակ զբաղվել է նոր պալատի գծագրմամբ: Պալատն այն ժամանակվա համար աներևակայելի դիրք պետք է ունենար, և դրա դեմ գտնվող գետի ուղղությունը պետք է փոխվեր, պարուրաձև աստիճաններով զարդարվեր: Բայց հանճարի մահվանից 2 տարի առաջ նրա ձեռքը կաթվածահար է եղել: Լեոնարդոն, առանց օգնության հազիվ է տեղափոխվել: 1519 թվականն անկողնում է անցկացրել: Նա վախճանվել է 67 տարեկան հասակում: Ապրիլի 23-ին Լեոնարդոն հոգին ավանդել է իր լավագույն բարեկամի` Ֆրանցիսկ I-ին թագավորի ձեռքերում: Լեոնարդոյին հուղարկավորել են թագավորական պալատի գերեզմանատանը: Նրա տապանաքարին արել են հետևյալ մակագրությունը. «Այս քարի տակ հանգչում է Լեոնարդո դա Վինչին` Ֆրանսիական պետության ամենամեծ նկարիչը, ճարտարագետը և ճարտարապետը»:

Մարդու մարմինը և համաչափությունները

Վիտրուվիոսի մարդու պատկերը Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի գծագիրն է: Այս գծագրում Լեոնարդոն օգտագործել է նաև մակագրություններ: Տեքստի և գծագրի միջոցով նա ներկայացնում էր Վիտրուվիոսի տեսությունները: Իսկ Վիտրուվիոսն առաջին դարի հռոմեացի ճարտարապետ էր: Իր աշխատության մեջ նա համամասնությունների տեսությունը նկարագրում է արվեստի և ճարտարապետության մեջ: Վիտրուվիոսն իր աշխատության մեջ նկարագրում է տաճարների կառույցների համաչափությունները: Միևնույն ժամանակ, ճարտարապետը ապացուցում է, որ մարդու մարմնի համաչափությունները Աստված է ստեղծել: Վիտրուվիոսը համարում էր, որ տաճարների և եկեղեցիների շինարարության ժամանակ, հենց մարդու մարմնի համաչափությունները պետք է արտացոլվեն: Նրա տեսակետներն արտացոլվել են նաև նրա ճարտարապետական գործերում: Լեոնարդոյի` Վիտրուվիոսի տեսության գծագիրը կատարված է գրչով և թանաքով: Այն շատ կենդանի է և դինամիկ, և փոքրիկ գծագրի մեջ ամբողջ փիլիսոփայություն է ընդգրկված: Բառերը և գծագիրը իրար հետ փոխադարձ կապի մեջ են, և մարդու մարմնի, ճարտարապետության, համամասնությունների, մարդու անատոմիայի և համաչափության միաժամանակյա և անչափ կարևոր արտահայտություն է հանդիսանում: Լեոնարդոյի կողմից հսկայական գաղափարի այսպես լակոնիկ, պարզ և հստակ ներկայացումը նրան տարբերում է Վիտրուվիոսի մասին ուրիշ նկարիչների արված մեկնաբանություններից:

Լեոնարդոյի գյուտերը

Լեոնարդոյի ստեղծագործությունը չի սահմանափակվում միայն նրա գլուխգործոցներով: Նա հեղինակ է բազմաթիվ տարօրինակ և հետաքրքիր գյուտների: Ստեղծագործի նորարարական գաղա-փարները և գյուտերը մինչև օրս զարմացնում են բոլորին:

Լեոնարդոյի հափշտակությունը թռչող սարքավորումներն էին: Մանկուց նա ուշադիր ուսումնասիրում էր թռչուններին, որ լավ հասկանար նրանց թռչելու տեխնիկան և հնարավորությունները: Թռչելու ցանկություն նրա մոտ առաջացել է դեռևս 1480 թվականին: Թեպետ, ըստ նրա գծագրի, իրական թռչող սարքավորում ստեղծել և թռչել նա չի հաջողեցրել: Գոյություն ունի տեսակետ, որ ժամանակակից ուղղաթիռների մեխանիզմը հենց Լեոնարդո դա Վինչիի մոդելով է ստեղծված: Շատ ընդհանրություններ ունեն նաև Լեոնարդոյի պարաշյուտի սխեման և ժամանակակից պարաշյուտների համակարգերը: Լեոնարդոն նաև հեղինակն է առաջին հեծանվի: Նրա` հեծանվի գծագիրը տեսնողին զարմացած է թողնում` ժամանակակից հեծանվին նման լինելու պատճառով:

Սա ամենը չէ: Լեոնարդոյի գաղափարն է երկու ոսպնյականոց հեռադիտակը: Լեոնարդոյի գյուտերի թվում են մարտական զենքն ու տեխնիկան: Այդ թվում, առաջին տանկը, շարժական կամուրջները մարտերի համար և ինքնանետիչ համակարգը:

Հավանաբար, ոչ էլ այն է զարմանալի, որ առաջին զարթուցիչ ժամացույցի և լուսարձակի գաղափարը ևս Լեոնարդոյին է պատկանում: Լեոնարդոյի մոտ է ծնվել նաև առաջին ռոբոտի գաղափարը:

Լեոնարդոն մեծ ներդրում է արել նաև քաղաքացիական ճարտարագիտության մեջ: Նրա գաղափարի շարունակությունն են մկրատը և ժամանակակից գերանդին, որ օգտագործվում են գյուղատնտեսության մեջ: Իսկ ամենակարևորն այն է, որ Լեոնարդոյին է պատկանում ջրաբաշխական շարժիչի գաղափարը: Նա համոզված էր, որ ջրի էներգիայի օգտագործումը շատ կարևոր կլինի մարդկանց համար: Նրան է պատկանում առաջին ջրային անվի շարժիչը:

Լեոնարդոյի գծագրերը շատ մանրամասնությամբ են արված: Նա ամեն մանր մասի մեծ ուշադրությամբ էր մոտենում: Չնայած նրան, որ նրա գյուտերի մեծ մասը մնացել է որպես տեսական աշխատություն, շատ մեծ է նրա դերը ժամանակակից ինժեներիայում:

Լեոնարդո դա Վինչի` մտածող և գրականագետ

Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունն անսպառ է: Գործնականում, չեք կարող անվանել արվեստի և գիտության ոչ մի բնագավառ, որտեղ Լեոնարդո դա Վինչին հետք թողած չլինի: Լեոնարդո դա Վինչին, որն իր գյուտերին, գծագրերին, ուրվանկարներին կցում էր տեսական բացատրություններ, որոնց մեջ ի հայտ էր բերում հեռանկարի, ճարտարապետության, ճարտարագիտության, երաժշտության, արվեստագիտության, փիլիսոփայության և հոգեբանության անզուգական գիտելիքներ: Լեոնարդոն ընթերցող չի ունեցել, թեպետ իր գրքերում նա միշտ դիմում է նրանց: Աչքի է ընկնում նաև նրա հարուստ գրական ստեղծագործական ժառանգությունը: Նա բազմաթիվ հեքիաթների, առակների, աֆորիզմների և այլաբանությունների հեղինակ է: Նրա կարճ պատմվածքները աչքի են ընկնում զարմանալի հումորով: Զարմանալին այն է, որ իր կենդանության օրոք այս հանճարը ոչ մի գիրք չի հրատարակել: Թեպետ, մինչև կյանքի վերջին տարիները միշտ ունեցել է այդ ցանկությունը:

Լեոնարդոյի օրագրերից մեզ է հասել մոտավորապես 7000 էջ: Զարմանալին այն է, որ այս գրառումները հայելանման էֆեկտով են արված:

Եզրակացություն

Լեոնարդո դա Վինչիի` որպես մարդու, ստեղծագործողի և նրա ժառանգության մասին անվերջ կարելի է և՛ գրել, և՛ խոսել: Նրա կյանքն ամբողջությամբ մեկ մեծ չլուծված հանելուկ է և հարց է ծնում.

Ինչպե՞ս է կարողացել մեկ մարդն այսքան անել:

Այս հարցին պատասխան չունեն ոչ էլ գիտնականները: Թեպետ, Լեոնարդոն իր ստեղծագործության հանդեպ ուներ իր վերաբերմունքը, որը հետևյալ կերպ է արտահայտել.

«Նա, ով պրակտիկ գործունեություն է սկսում առանց գիտելիքի, նմանվում է ծովագնացի, ով ծով է դուրս գալիս առանց կողմնացույցի և ղեկի .... Փորձը միշտ պետք է հիմնված լինի անզուգական գիտելիքի վրա»: