Ցուլը

Հնագույն ժամանակներում ցուլը վայրի կենդանի էր: Դրանից ավելի սարսափելի գազան հազվադեպ էր հանդիպում: Երբ չարացած էր, ոչինչից չէր խուսափում, ոտքերով փորում էր հողը, գլուխն առաջ էր տնկում ու թափով վազում դեպի մարդը կամ դեպի որևէ այլ թշնամի ... Այդ ժամանակ մարդը արագ պետք է փախչեր զայրացած ցլից և հասցներ ծառը բարձրանալ, հակառակ դեպքում մի վայրկյանում նա իր զորեղ պոզերով նրան օդ կնետեր և հետո կճզմեր գետնի վրա: Ցուլը ահավոր զզվում էր վառ գույներից: Որտեղ էլ տեսներ կարմիր հագուստով մարդ, անմիջապես նրա կողմ կուղղվեր:

Մարդը շատ էր վախենում ցլից, բայց միևնույն ժամանակ մտածում էր. «Լավ կլինի, որ այս զորեղ կենդանուն ինձ ենթարկեմ, ընտելացնեմ և ուժեղ պարանոցին լուծ դնեմ: Հողն էլ հեշտությամբ կվարի, սայլով բեռներ էլ կփոխադրի և անտառից էլ շատ վառելափայտ կբերեմ»: Մարդուն իր իմաստությամբ հաջողվեց բռնել ցլին: Հմուտ կերպով հեռվից օղակով պարան նետեց, հագցրեց պոզերին, արագ փաթաթեց պարանը պոզերին, մարմնին, պարանոցին, ոտքերին, ամուր կապեց, հետո տուն տարավ և գոմում փակեց: Բռնեց նաև երկրորդ ցլին: Մի քանի օր կեր չտվեց, քաղցից շատ թուլացրեց և հետո սկսեց վարժեցնել. պարանոցին լուծ դրեց և լծեց փայտյա ամուր լծին: Խեղճ եզները չհավանեցին լուծը, բայց ի՞նչ կարող էին անել` քաղցած և թուլացած:

Երբ եզներին ընտելացրեց սայլը լավ քաշելուն,

մարդը նրան շատ կեր տվեց, լավ գիրացրեց, ուժի բերեց և սկսեց աշխատեցնել: Հողն էր վարում, անտառից փայտ և ցախ բերում սայլով: Հետո մարդը մտածեց. «Այս եզները շուտ կծերանան, նորից վայրի ցլեր բռնելը վտանգավոր է, ընտելացնելը` դժվար ... Արի, վայրի կով նույնպես ընտելացնեմ, և նա ինձ համար նոր ցլեր կմեծացնի: Մտածեց մարդը այդ և ընտանիացրեց նաև կովին:

Երբ եզները պառավեցին, գիրացրեց և մորթեց: Միսը լավ գնով վաճառեց, իսկ կաշվից տարբեր իրեր և հագուստ պատրաստեց ...

Ահա թե ինչպես մարդը ընտանիացրեց ցուլը և կովը: Դրանից հետո նրանք մարդու մոտ են ապրում և մեծ օգուտ բերում նրան:

Բայց արդյոք միայն ցո՞ւլն էր հնում վայրի կենդանի: Ո՛չ, վայրի էին ներկայիս բոլոր մյուս ընտանի կենդանիները, և մարդն է դրանց ընտանիացրել: