Արիադնեի թելը
Հնում քաղաք Աթենքում թագավորում էր շատ դյուրագրգիռ բնավորությամբ մի թագավոր` Էգեոս անունով: Նա սիրում էր սպորտային խաղեր և մրցույթներ, սակայն զայրանում էր, եթե նրա մարզիկին հաղթում էր որևէ մեկը:
Մի օր թագավորը չկարողացավ զսպել զայրույթը և հաղթանակած մարզիկին սպանեց: Այս հաղթողը Կրետե կղզու արքայի` Մինոսի, կրտսեր որդին էր: Դրանից հետո քաղաք Աթենքն իր թագավորի բռնկուն բնավորության պատճառով շատ թանկ էր վճարում Կրետեի թագավորին` յուրաքանչյուր ինը տարին մեկ անգամ սև առագաստանավը յոթ պատանի և յոթ չքնաղ աղջիկ էր տանում Կրետե կղզի, որպեսզի նրանց զոհաբերեին մարդակեր Մինոտավրոսին: Մինոս թագավորը Մինոտավրոսին Կրետեի լաբիրինթոսում էր բանտարկել:
Մի անգամ ընտրված երիտասարդների հետ վճռեց գնալ նաև արքայազն Թեզևսը: Հայրը` տաքարյուն թագավորը, դեմ էր, բայց Թեզևսը միևնույն է մյուսների հետ նավ բարձրացավ:
Սև առագաստանավը մոտեցավ Կրետե կղզուն: Ափին բոլորը հավաքվել էին դատապարտվածներին տեսնելու: Դրանց թվում էր նաև թագավորի դուստրը` Արիադնեն: Թախծոտ պատանիների և օրիորդների մեջ միայն մի պատանի էր գալիս գլուխը բարձր: Դա Թեզևսն էր: Տեսնելուն պես Արիադնեն սիրահարվեց նրան:
Դատապարտվածներին պետք է տանեին լաբիրինթոս` Մինոտավրոսի մոտ: Արիադնեն փախավ իր պալատից և Թեզևսին երկու բան տարավ` սուր, որպեսզի Թեզևսը մարդակերին սպաներ, և թելի կծիկ, որպեսզի չկորչեր լաբիրինթոսի միջանցքներում և գտներ վերադարձի ճանապարհը:
Արիադնեի սրի օգնությամբ Թեզևսը պարտության մատնեց Մինոտավրոսին, իսկ թելի կծիկի միջոցով Թեզևսը և մնացածները հեշտությամբ գտան լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը և վերադարձան նավ:
Բոլորը փրկվեցին: Նրանք իրենց հետ բերեցին նաև թագավորի դստերը` Արիադնեին:
Այսօր Արիադնեի թելը նշանակում է հուսալի ուղեցույց ծանր իրավիճակում:
Աննա Դիսկոչիլովայի պատմվածքի հարմարեցված տարբերակ