Ներկերի վեճը

Ներկերը վիճի բռնվեցին: Նրանք չկարողացան համաձայնության գալ, թե իրենցից որն էր ավելի գեղեցիկ: Գնացին վրձնի մոտ. «Դու կողմնորոշի՛ր մեզ, թե ով է ճիշտ և ով` սուտ»:

- Դեռ դուք ասացե՛ք, - ասաց նրանց վրձինը, - ես կլսեմ ձեզ:

- Ես արտերը դեղին գույնով եմ գունավորում, - սկսեց դեղին ներկը:

Կարմիրն ընդհատեց նրա խոսքը.

- Երբ այդ արտերին կարմիր կակաչ է խառնվում, գեղեցիկ է չէ՞:

- Կարմիրն առանց ինձ ինչ կաներ, - բարկացավ սև ներկը, - կակաչին ես եմ հմայք շնորհում: Չէ՞ որ նրա սիրտը սև է:

- Ես ինձանից ոչինչ չե՞մ ներկայացնում, - զայրանում է կանաչը, - կակաչն ի՞նչ կլիներ, եթե նրա տերևները կանաչ չներկեի:

- Ինձ ոչինչ չե՞ք թողնի ասեմ, - բարկացավ կապույտը, - հապա՛, երկնքին նայե՛ք, որ ձեր արտերին ու կակաչներին է նայում վերևից: Այս երկինքն իմ նկարազարդածն է:

Վրձինը նկարչի մոտ գնաց: Խնդրեց, որ նա հաշտեցներ ներկերին: Նկարիչը նկարեց դեղին շողացող արտ: Արտում` կարմիր գույնով շողշողացող կակաչներ: Դաշտի ծաղիկներին շատ էին սազում կանաչ տերևներ ու սև սիրտ: Արտին և կակաչներին վերևից նայում էր կապույտ երկինքը:

Ներկերը տեսան նկարը և ամաչեցին: Հասկացան, որ միասին ավելի գեղեցիկ էին: Որոշեցին այսուհետև բարեկամաբար ապրել:

Ըստ Դալի Թաղաձեի