Աջարիա

Աջարիան գտնվում է Մեսխեթիից արևմուտք: Հյուսիսից սահմանակցում է Գուրիային, հարավից` Շավշեթիի լեռնաշղթային և Ճորոխիին, իսկ արևմուտքից` Սև ծովին:

Աջարիան պատած է Արսիանիի լեռան փեշերով, որը ձգվում է արևելքից դեպի արևմուտք և առաջացնում բազմաթիվ կիրճեր, այդ կիրճերով հոսում են լեռնային փոքրիկ ջրեր` լի կարմրախայտերով, պարարտացնում հողը և այնուհետև թափվում Ճորոխի: Այս կիրճերը բավականին լայն են և դրանց հովիտներում հոյակապ վարելահողեր և արոտավայրեր կան: Այդ պատճառով բուսաբուծությունը և անասնապահությունը այստեղ հիմնական զբաղմունքն է հանդիսանում:

Այստեղ հիմնականում եգիպտացորեն են ցանում, աճեցնում են նաև ցորեն ու գարի, բայց շատ քիչ: Դրա պատճառն այն է, որ վարելու և ցանելու դաշտերը միևնույն է քիչ են, և միայն եգիպտացորենը կարող է տիրոջը տալ այնպիսի բերք նույնիսկ փոքրիկ տարածքից, որ ամբողջ տարի բավականացնի: Շատ անասուն են պահում, մանավանդ Վերին Աջարիայում: Սահմանի վրա գտնվող գյուղերից շատ կարագ և յուղ են տանում Գուրիա և լավ գնով վաճառում: Ամեն տեսակ մրգատու ծառեր կան` միայն ձիթապտուղը, կիտրոնը և նարինջը չեն դիմանում այստեղի ձմեռվա ցրտին, դրանք միայն հարմարավետ և ցածրադիր վայրերում են աճեցնում: Լավագույն սորտերի այնքան խնձոր ու տանձ է աճում, որ շատ են արտահանում վաճառելու Ախալցիխե, Օզուրգեթի, Արտաանի և այլուր: Խաղողի այգիները ևս շատ են և քանի որ այստեղի վրացիներին հավատքը արգելում է գինի խմել, այդ պատճառով խաղողն են օգտագործում կամ վաճառում են:

Խաղող քամել և գինի պատրաստել գիտեն, բայց այդ միայն նրանք են համարձակվում անել, որոնք հաստատուն չեն իրենց հավատքում և ընտելացած են գինի խմելուն: Հաճախ խաղողի բերքով լի այգին գնում են ախալցխացիները, իրենք են քամում խաղողը և քամած խաղողը տանում են իրենց երկրամաս, որտեղ ցրտի պատճառով խաղող չի կարող աճել:

Այս բերրի և գեղեցիկ երկրամասը ավելի հեշտությամբ ձեռք կբերեր հարստություն, եթե ճանապարհներ լինեին: Ամբողջ Աջարիայում նույնիսկ մեկ նորմալ ճանապարհ չկար: Միայն կածաններ էին ձգվում մի գյուղից մինչև մյուսը և այդ կածաններով միայն ձիով կարելի էր տեղաշարժվել: Ինչպես երևում է հնում Վրաստանի թագավորներն այստեղ շատ ճանապարհներ են անցկացրել և նաև կամուրջներ կառուցել, սակայն հետո օսմանցիների ձեռքին, ճանապարհները վերացել են, և կամուրջներն էլ` քանդվել: Իսկ որոշ հին կամուրջներ այնքան պինդ են, որ մինչև օրս լավ պահպանված են: Ճանապարհ չլինելու պատճառով դժվար էր Աջարիայից բերքը արտահանել կամ որևէ բան ներմուծել, և այդ հանգամանքը խիստ խոչընդոտում էր արտադրության զարգացմանը:

Ամբողջ Աջարիան միայն վրացիներով է բնակեցված, այստեղ գրեթե ուրիշ ոչ ոք չի ապրում: Շատ քիչ հույն և հայ վաճառականներ կան ... Աջարները արտաքինով, լեզվով և սովորույթներով իսկական վրացիներ են: Ահա թե ինչ է ասել պարոն Գիորգի Ղազբեգին, որը տասնիններորդ դարում շրջել է ողջ Աջարիան, երբ այս երկիրը դեռ Օսմանական կայսրության սահմաններում էր. «Բորջոմի գյուղից որ անցանք, հեռվից նախիր տեսանք, նաև նկատեցի տղաների մի փոքրիկ խումբ: Շուտով նրանց աղմուկ-աղաղակը լսվեց: Առաջին անգամ էի տեսնում աջարներ և մտածեցի` մի՞թե միմյանց հետ թուրքերեն են խոսում: Վերջում մոտ գնացի և, Աստվա՛ծ իմ, նրանք սովորական վրացիներ են եղել: Երեխաները վրացերեն էին խոսում: Մեզ որ տեսան, երեխաները լռեցին և ճանապարհին միասին հավաքվեցին` մեզ նայելու: Մենք էլ կանգ առանք: Մոտ տասնհինգ երիտասարդ էր, այդ թվում մի քանիսն էլ ավելի փոքր, բայց պետք է տեսնեիք, թե ինչ հրաշալի արտաքին ունեին: Եթե հնոտիները հանեիք, կկարծեիք, թե իշխանազներ են, մեր լեռնցիներին են նման:

Լեռնցիները գեղեցիկ են: Բոլորն, ում հանդիպեցինք, բարձրահասակ և թիկնեղ տղաներ էին: Մաքուր, փայլող դեմք, մի փոքր մեծ քիթ, երկար և խիտ մազեր: Ղաբալախին ուսերին գցած` ահա, սա է աջարացու դեմքը: Գուրիացիների հագուստ են հագնում, հավատքով մահմեդականներ են, տանը և ընտանիքում վրացերեն են խոսում, թուրքերեն գիտեն միայն ծերերը:

Աջարները գուրիացիների նման առույգ, դիմացկուն և համարձակ են: Շատ են սիրում զենք և հմուտ հրաձիգներ են: Բացի այդ, լավագույն բարոյականության տեր մարդիկ են, քաղաքավարի, բարեկիրթ, հետաքրքրասեր և աշխատասեր: Ամբողջ օրը տղամարդը դաշտում է աշխատում, կինը` տանը: Տղան հենց մեծանում է, անմիջապես հոտն են ուղարկում և ամբողջ օրն անտառում է անցկացնում:

Աջարիայում հոյակապ գյուղեր կան` Մախունցեթի, Թխիլովանի, Դիդաճարա, Կիրնաթի, Մարադիդի, Կիբե, Սաղորեթի և այլ: