Սվանեթի

Վրացիների ցեղի հեռավոր ճյուղ են կազմում սվանները: Արտաքինով սվանը շատ նման է լեռնցի վրացիներին` փշավներին, խևսուրներին, թուշերին և այլոց: Սվանների կյանքում ճանապարհորդը կարող է տեսնել շատ վրացական սովորույթներ և բնավորության գծեր: Սվանական գյուղերը առավելապես փոփոխված վրացական անվանումներ են կրում: Սվանական լեզուն ևս վրաց լեզվից է առաջացել: Անչափ շատ են սվաներենում վրացերեն և մեգրելերեն բառերը: Այդ է պատճառը, որ և՛ սվանները , և՛ մեգրելները մի քանի ամսում սովորում են վրաց լեզուն: Այն, որ սվանները վրացիներից են ծագել, ապացուցում է նաև այն, որ այս երկրամասով մեկ սփռված են բազմաթիվ եկեղեցիներ և սրբավայրեր, որոնց վրա արձանագրությունները վրացերեն լեզվով են: Եկեղեցիները լի են վրացական կրոնական գրքերով: Սվանների վրացի լինելը ապացուցում է նրանց պատմությունը: Սվանեթին հնում Վրաստանի էրիսթավություններից մեկն է եղել, և այն հպատակվում էր վրաց թագավորին: Թամար թագուհու ժամանակ Սվանեթին, իհարկե, Վրաստանի ուժեղագույն երկրամասերից մեկն է եղել: Այդ ժամանակը սվանները լավ են հիշում և իրենց բանաստեղծություններում դեռևս մեծարում են Թամար թագուհուն:

Հյուսիսից Սվանեթին սահմանակցում է Սամեգրելոյին, արևելքից և հյուսիսից սահմանված է Կովկասյան լեռնաշղթայով,

հարավ-արևելքում Ռաճան է, հարավում` Սամեգրելոն, իսկ արևմուտքում` Սամուրզաղանոն: Սվանեթին, Ռաճայի նման, չորս կողմից շրջապատված է բարձր լեռներով, այդ է պատճառը, որ ձմռանը շատ դժվար է Սվանեթի բարձրանալը: Միայն կարճ ամառվա ընթացքում կարող է ճանապարհորդն ազատ բարձրանալ Սվանեթի: Սվանեթի կարող եք գնալ Սամեգրելոյի տարանցմամբ: Այդ ճանապարհը Սամեգրելոյից հետևում է Էնգուրիի կիրճին և մերթ գետի աջ ափով է գնում, մերթ` ձախ: Այստեղ ճանապարհորդը բնությունը շատ կհավանի: Ճանապարհորդը գնում է կանաչ գմբեթի տակով, որ այս ու այն կողմից կապել են հսկայական ծառերը: Տոսախ, շագանակ, նետի նման սլացիկ հաճարենի և շատ այլ տեսակի ծառեր վերևից նայում են ճանապարհորդին և խետ ստվերով պատսպարում շոգից:

Սվանեթին երկու մասի է բաժանվում` Վերին և Ստորին Սվանեթիների: Վե-րին մասը Ազատ Սվանեթի է կոչվում: Վերին Սվանեթին երբեք իշխող չի ունեցել, իսկ Ստորին Սվանեթին հնում պատկանում էր Սամեգրելոյի կառավարչությանը, որի կառավարիչները Դադիանիներն էին, և այդ պատճառով էլ այն կոչվում էր «Սադադիանո» ... Առաջինը Էնգուրիի կիրճում է, երկրորդը` Ցխենիսծղալիի կիրճում: Այս մասերի միջև է Միջին Կավկասիոնիի լեռնաշղթայի մի մասը:

Վերին Սվանեթին ցուրտ երկրամաս է, քանի որ բարձր լեռներում է, և այստեղ լեռների գագաթները միշտ ձյունով են ծածկված: Վերին Սվանեթիում երկար ձմեռ է լինում և կարճ ամառ: Միայն ամառվա ամիսներին է տաք, մնացած ութ ամիսները Սվանեթիում ցուրտ է: Նոյեմբերին, երբ ամբողջ Վրաստանում հրաշալի, տաք եղանակներ են, Վերին Սվանեթիում ձմեռվա կեսն է: Այստեղ մայիսին հաճախ ձյունում է: Նման սառը երկրամասում, իհարկե, չեն կարող աճել բազմազան բույսեր: Այստեղ ընդհանրապես չկան մրգատու ծառեր և խաղողի այգիներ: Անտառում միայն սոճու և կեչու ծառեր են: Այլ տեսակի ծառերն այստեղ շատ քիչ են և այն էլ` փոքր: Եգիպտացորեն այստեղ չի աճում, ցորեն նույնպես համարյա չեն ցանում: Կարևորագույն բերքը և ապրուստի միջոցը Սվանեթիում գարին է և կարտոֆիլը: Կլիման այստեղ շատ ցուրտ է, բայց առողջ: Տենդը, որ լինում է Իմերեթիում և Սամեգրելոյում, Վերին Սվանեթիում բոլորովին չի լինում, այդ պատճառով այստեղի բնակիչները առողջ մարդիկ են:

Ստորին Սվանեթին կլիմայով և բնությամբ տարբերվում է Վերին Սվանեթիից: Այստեղ կլիման չափավոր է, ձմեռը ուշ է գալիս, գարունը` վաղ: Ամառն ավելի տաք է: Այդ պատճառով այստեղ ամենուր ցորեն են աճեցնում: Խնձոր, տանձ և ընկույզ գրեթե ամենուր աճում է: Արևոտ վայրերում աճում է նաև խաղող: Դաշտերում աճում է խիտ և բարձր խոտ և ընտանի կենդանիների բուծումը շատ հեշտ է: Անտառներում կա շատ վայրի մեղր: Լեռները լի են քարայծերով և վայրի այծերով, գետերը` կարմրախայտով: Հետաքրքիր է, որ գետերում բացի կարմրախայտից ուրիշ ձուկ չկա, այդ պատճառով սվանները, բացի կարմրախայտից, ձկան այլ տեսակ ոչ էլ իմացել են:

Սվանների կարևորագույն գործը վար ու ցանքն է: Վար ու ցանքի տեղը բավականին մեծ է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր սեփական հողը: Սվանը հողը չի կարող վաճառել, եթե մերձավոր բարեկամները համաձայն չլինեն: Ձկնորսությունը քիչ է, իսկ որսորդություն շատ են սիրում: Որոշ սվաններ միայն որսի մսով են սնվում: Որսի մորթին կամ իրենք են օգտագործում, կամ վաճառում են: Ձմռանը անտառներում շատ կզաքիս են բռնում և մորթին լավ գնով վաճառում Սամեգրելոյում:

Սվանեթիի գյուղերը նման չեն ոչ Քարթլ-Կախեթիի, ոչ Իմերեթիի գյուղերին: Սվանական գյուղերը Իմերեթիի գյուղերից նրանով են տարբերվում, որ Սվանեթիում գյուղերը մոտ-մոտ են գտնվում, ինչպես Քարթլիում և Կախեթիում: Քարթլ-Կախեթիի գյուղերից նրանով է տարբերվում, որ Սվանեթիում գյուղերը խումբ-խումբ են, և յուրաքանչյուր խումբը մեկ հասարակություն է ներկայացնում, որն ունի ընդհանուր անուն: Յուրաքանչյուր հասարակությունում միավորված են վեցից տասը գյուղեր: Բացի այդ, Սվանեթիում գյուղերը շատ փոքր են` որոշ գյուղերում երեքից ավելի ընտանիք չի ապրում: Որքան էլ մեծ լինի գյուղը, շատ հազվադեպ, թե այնտեղ երեսուն ընտանիքից ավել լինի: Յուրա-քանչյուր գյուղում յուրաքանչյուր ընտանիք ունի բարձր քառանկյուն աշտարակ: Այս աշտարակները քարից են կառուցված: Աշտարակները ներսից սպիտակ գույնով են ծեփված և շատ գեղեցիկ են: Գրեթե բոլոր տների դեմ կա բանջարանոց:

Սվանական գյուղերում մարդուն զարմացնում է եկեղեցիների առատությունը: Որոշ եկեղեցիներում մինչև օրս պահպանվել են նվիրաբերված արծաթյա գավաթներ և սկահակներ, աղոթատեղերում պահպանվել են նաև հին վրացական եկեղեցական գրքեր, տեղական աղոթատեղերում շատ են նաև թանկարժեք սրբապատկերները:

Սվանները նման չեն այն լեռնային ժողովուրդներին, որոնք առատորեն բնակվում են Սվանեթիի շուրջը: Նրանք բարձրահասակ են: Նրանց հագուստը միայն մի փոքր է տարբերվում մեգրելի և իմերեթցու հագուստից: Սվաններն օգտագործում երկու տեսակի գլխարկ` ձմռանը դնում են բարձր և սրածայր, սպիտակ կամ սև այծենակաճից գլխարկ, ամառը` կլոր գլխարկ, որը բոլորը կոչում են սվանական գլխարկ: Սվանները շատ են սիրում զենք:

Ինչպես մյուս լեռնային ժողովուրդները, այնպես էլ սվանները, շատ են սիրում իրենց երկրամասը: Սվանը հազվադեպ է լքում իր երկրամասը, նույնիսկ մի փոքր ժամանակով: Շատ սվաններ այնպես են ծերանում, որ Սվանեթիից դուրս չեն գալիս: Շատ վերին սվանեթցիներ չեն տեսել Ներքին Սվանեթին:

Սվանները արյան թշնամություն գիտեն անել: Սվանեթիում արյան դեմ արյուն են վճարում: Եթե սվանը կռվի ժամանակ որևէ մեկի հարազատի սպանի, ինքը ևս պետք է մահ ակնկալի սպանվածի հարազատներից: Դա կոչում են «արյուն վերցնել»: Այս վատ սովորույթին հետևում է մեծ թշնամանք տոհմերի և գյուղերի միջև:

Այդ պատճառով էլ ամեն տան առջև աշտարակ է կանգնած, որտեղ, սովորաբար, պատսպարվում է ընտանիքը թշնամու հարձակման ժամանակ: Այս աշտարակներն այնքան հին են, որ ոչ ոք չի հիշում դրանց կառուցումը: Ակնհայտ է, որ հնում սվաններն իրար միջև հաճախ են պատերազմել: Միմյանց հանդեպ թշնամանքը սվաններին ամբողջ կյանքում վախի մեջ է պահել: Թե տանը, թե դրսում, սվանը վախենում է հանդիպել նրան, ում արյուն է պարտք ...

Սվանեթիում չկա ոչ մի քաղաք: Հոյակապ գյուղեր կան` Մեստիա, Բեչո, Լախամուլի, Չուբուխչի և այլն: