Ձմեռ

Ձմռանը, արևը թեև լուսավորում է Երկիրը, բայց անհամեմատ պակաս է տաքացնում: Երկնքում արևը շատ կարճ ժամանակ է մնում` ուշ է ծագում և շուտ մայր մտնում, օրը շատ կարճ է, իսկ գիշերը` երկար: Այդ պատճառով էլ ձմռանը ցուրտ է: Վրաստանում ձմեռը երկար չէ, առավելագունը երեք ամիս կարող է ձգվել` դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Բայց ուրիշ երկրներում, որոնք մեզանից հյուսիս են, ձմեռը երկարատև է: Օրինակ, Ռուսաստանում ձմեռը հինգ-վեց ամիս է տևում և մեծ սառնամանիքներ են լինում:

Մեր երկրում ձմռանը չափավոր ցուրտ է, երբեմն ձմեռն այնպես է անցնում, որ ընդամենը երկու-երեք անգամ է ձյունում, սակայն այդպիսի չոր ձմեռը վատ է բերքի համար: Ձյունառատ ձմեռն օգտակար է, ձյան տակ ավելի տաք է, ձյունը չի թողնում, որ սառնամանիքը թափանցի հողի մեջ, այդ պատճառով է, որ երբ մշակաբույսերի վրա ձյուն է դրված, դրանք ավելի տաք, առողջ են պահվում, և ամռանը լավ բերք է լինում:

Սառը ձմռանը գետերն ամբողջովին սառչում են, և մադիկ սառույցի վրայով են անցնում-դառնում: Դաշտերն այդ ժամանակ ամբողջովին մերկ են, և քամին դրանց վրայով ազատ վզզում է: Աշնանը ծառերի տերևները թափվում են, և ձմռանը նրանք մերկ կանգնած են: Ճյուղերի վրա, տերևների փոխարեն, ձյուն է դրված և սառցալեզվակներ են կախված: Անտառում միայն սոճին ու եղևնին են կանաչ երևում:

Ձմռանը անտառ ու դաշտ որբացած են կանգնած: Այդ ժամանակ միջատներն ամբողջությամբ անհետացած են` ոչ մի տեղ չեն երևում ճանճեր, մոծակներ, տարբեր որդեր: Ո՞ւր են: Շատերըսատկել են, սակայն հողի մեջ են պահել իրենց ձվերը, որոնք ամառային արևի ժամանակ դուրս կգան: Շատերը խորը մտել են հողի մեջ և այնտեղ են ապրում ամբողջ ձմեռ: Այդպես են վարվում մրջյունները և այլ նման միջատներ: Կենդանի միջատներն ամբողջ ձմեռ քնած են և այն ժամանակ են արթնանում, երբ գարնանային արևն ընկնում է նրանց վրա:

Թռչունների մեծ մասն այդ ժամանակ իրենց կյանքն անց է կացնում տաք երկրներում: Որոշ թռչուններ մնում են մեզ մոտ, սակայն նրանք ևս հարմարավետ և տաք տեղ են փնտրում և հազվադեպ են դաշտ դուրս գալիս: Ցուրտն ու քաղցը թռչուններին զրկում է սովորական ուրախությունից ու չարաճճիությունից: Նրանց մեծ մասը տխուր է և թևերն իջեցրած:

Քանի որ թռչունները դաշտում չեն կարող սնունդ գտնել, բնադրում են գյուղերի մոտակայքում: Կաչաղակները, ագռավները և ճնճղուկները հարդանոցների մոտ են լինում: Ինչի՞ համար: Նրա համար, որ հարդանոցում հարդի հետ խառնված են նաև ցորենի հատիկներ` նրանք հարդը խառնում են, գտնում են հատիկները և դրանցով սնվում: Բայց նրանց վրա թանկ է նստում կերակուր գտնելը` գյուղի տղաները հարդանոցի վերջում թակարդ են դնում և բռնում նրանց...

Ցուրտ եղանակին ճնճղուկները թշվառ վիճակում են: Ուր մնաց ամբողջ ամառ նրանց հոլի պես պտտվելը, աշխույժ ցատկոտելը, և ուրախ աղմուկ-աղաղակը: Ցուրտն ամեն ինչ մոռացնել է տալիս, ճնճղուկները հարդանոցի տանիքին կծկված և քաղցած նստած են և խղճալի ձայնով ծվծվում են: Խելացի չեն վարվում, որ մյուս թռչունների հետ հարավային երկրներ չեն չվում:

Կենդանիների մեծ մասը ձմռանը բներ, բայոցներ, որջեր և ծառի փչակներ է գտնում: Այստեղ նրանք ուժեղ ցրտերի ժամանակ ձմեռային քուն են մտնում, օրինակ, ոզնին, արջը, առնետը և այլն: Իսկ սկյուռը ձմռանը բոլորովին չի վախենում, և իր շարժուն կյանքին ձմռան ցուրտ եղանակին նույնիսկ վերջ չի տալիս: Ամռանը բոլ-բոլ ընկույզ է հավաքել, իսկ այժմ իր փչակում նստած ուրախությամբ կոտրում և ճաշակում:

Ընտանի կենդանիներն այդ ժամանակ գոմերում են կապում: Ձիերը, գոմեշները, եզները, կովերը և ոչխարները ցրտից և քաղցից կսատկեին, եթե ձմռանը դրսում ապրեին:

Դաշտային գազանները մեծ մտահոգության մեջ են: Ցուրտն ու սովը քթից են բերում ամռանը անցկացրած քաղցր ժամանակը: Քաղցից կատաղած գայլն ամբողջ օր ու գիշեր դաշտերում վազում է, բայց շատ բան չի կարողանում հայթայթել: Հովիվը ոչխարները գոմում է պահում, խոզարածը խոզերը խոզանոցում է փակել, այդ պատճառով գայլը չի կարող գառան կամ խոճկորի միս ուտել: Ամբողջ գիշեր թափառում է դաշտերում, որ դրսում որևէ տեղ ձի տեսնի կամ ընտանի կենդանի: Եթե​​ գյուղացու անասունը դրսում է մնացել, այլևս դրա փրկության հույս չպետք է ունենա. մի տեղ քաղցած գայլը կուտի նրան: Քաղցն ավելացնում է գայլի համարձակությունը. գիշերները թափանցում է գյուղ, և փորձում է կամ խոզ, կամ սագ փախցնել: Այդ ժամանակ գայլը շատ է վնասում գյուղացուն: Գյուղացին էլ փոխարենն է անում`շատ գայլեր են մահանում մարդու ձեռքով:

Ձմռանը գյուղացին այնքան գործ չունի, որքան այլ ժամանակ, սակայն այդ ժամանակ նույնպես անգործ չի նստում: Հենց ցրտերը մոտենում են գյուղացիները պատրաստվում են ձմեռվա համար: Ամռանը և աշնանը պատրաստել է հացն ու գինին, այժմ վառելափայտը պետք է բերի ... Եթե դեռ ​​ձյունը չի նստած, գյուղացին սայլով է գնում վառելափայտի, եթե ձյուն է, այդ ժամանակ` սահնակով է բերում: Վառելափայտ բերելը գյուղացուց մեծ տանջանք է պահանջում, հատկապես, եթե շատ ցուրտ է: Երբեմն խեղճ գյուղացին ճանապարհին ձյունամրրկի է հանդիպում և է շատ չարչարվում կամ սառած տուն հասնում, կամ էլ կարող է նույնիսկ խեղդվել ...

Նման դեպքերը հաճախակի են ցուրտ երկրներում և մեզանում էլ երբեմն պատահում են: Ձմեռը հանգստյան ժամանակ է միայն այն գյուղացիների համար, որոնք ունեն և՛բավականին հաց, և՛ գինի, և՛ տաք տան մեջ էլ ապրում են: Սակայն, ցավոք, գյուղացիների մեջ նման երջանիկները քիչ են...