Օդապարուկի պատմությունը

Օդապարուկն ամենահին թռչող սարքն է: Այն Չինաստանում և Ճապոնիայում է ի հայտ եկել 4 000 տարի առաջ: Տոնակատարությունների ժամանակ օդապարուկին տալիս էին թիթեռների, ճնճղուկների և ձկների ձև: Ամենից տպավորիչը վիշապ-օդապարուկն էր: Պատկերացրեք վիշապ, որը թռչում է: Վիշապը Չինաստանի և ճապոնիայի զորեղության խորհրդա-նիշն է: Չինաստանում և Ճապոնիայում այսօր էլ տոնակատարությունների ժամանակ երկինք են արձակում գույնզգույն վիշապներ: Գույնզգույն վիշապները թռչում են երկնքում: Դա շատ գեղեցիկ տեսարան է:

Գիտնականները 18-րդ դարում օդապարուկի միջոցով մթնոլորտն էին ուսումնասիրում: Ինքնաթիռի գյուտարար Մոժայսկին 1873-1876 թվականներին երկնքում օդապարուկով զբոսնում էր: Ռադիոյի գյուտարարը օդապարուկը ռադիոընդունիչի համար որպես ալեհավաք է օգտագործել:

19-րդ դարի վերջին օդապարուկների միջոցով օդերևութաբանության մեջ իմանում էին քամու արագությունը և ջերմաստիճանը:

Օդապարուկը մեծ դեր է կատարել ռազմական գործում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորականները օդապարուկների միջոցով բարձրությունից փոքր բեռներ էին բաժանում:

Օդապարուկ երկինք արձակելը երեխաների սիրելի զբաղմունքն է:

Ի՞նչ պետք է իմանանք օդապարուկի մասին

Օդապարուկը տարբեր ձևեր ունի: Որոշ օդապարուկներ պատրաստելը դժվար է: Որոշ օդապարուկներ պատրաստելը` հեշտ:

Եթե երբեք չես պատրաստել օդապարուկ, ուրեմն, դեռ պետք է պարզ օդապարուկ պատրաստել սովորես: Եկեք պարզ օդապարուկ պատրաստել սովորենք: Մինչև օդա-պարուկ պատրաստելը սովորենք մի քանի ոսկե կանոն:

1. Օդապարուկը պինդ պետք է լինի կապված: Եթե օդապարուկը պինդ չի կապված, կարող է օդի մեջ քանդվել:

2. Օդապարուկը թեթև պետք է լինի: Եթե օդապարուկը թեթև է, այն բարձր է սավառնում: Եթե օդապարուկը ծանր է, այն ցածր է սավառնում:

3. Օդապարուկը հեշտությամբ պետք է քանդվի: Քանդած օդապարուկը պետք է փոքր տեղ զբաղեցնի: Օդապարուկը հեշտ պետք է պահվի:

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ:

Օդապարուկ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.

1. երկու փայտյա ձող,

2. պինդ թուղթ,

3. սոսինձ կամ սոսնձաթուղթ,

4. պինդ թել կամ պարան,

5. գունավոր մատիտներ կամ ներկ` օդապարուկը նկարազարդելու և ձևավորելու համար,

6. տարբեր գույների ժապավեններ օդապարուկի պոչի և ժապավենիկների համար,

7. մկրատ:

Օդապարուկ պատրաստելու կարգը

1. Վերցնենք երկու փայտյա ձողիկներ: Կարճ և երկար ձողերը խաչաձև այնպես դնենք իրար վրա, որ նրանք երկար ձողի երրորդական մասի վրա հատվեն, իսկ կարճը երկու հավասար մասերի բաժանվի:

2. Ձողերի վրա անենք թելից շրջանակ: Շրջանակը ցույց կտա, թե որքանով ճիշտ անկյուններ են ստեղծում ձողերը: Նաև, շրջանակի վրա պետք է ամրացնենք թղթյա «զգեստ»:

3. Շրջանակը դրե՛ք թղթի վրա և զգույշ մատիտով շրջագծե՛ք: Թղթյա «զգեստը» ճշգրտորեն պետք է կրկնի շրջանակի ձևը: Այժմ մատիտ վերցրե՛ք և ձևե՛ք թղթյա «զգեստը»:

4. Վերցրե՛ք սոսնձաթուղթ կամ սոսինձ և թղթյա «զգեստը» խնամքով և զգույշ ամրացրե՛ք շրջանակի վրա:

Ստուգե՛ք, որ թուղթն ամբողջ երկարությամբ և բոլոր կողմերում լավ լինի ամրացված: Հիշում եք, չէ՞, որ օդապարուկը պինդ պետք է լինի ամրացրած, որ օդի մեջ չքանդվի:

5. Իսկ այժմ եկավ հանգույցների և օղակների պատրաստման ժամանակը: Հանգույցները պարանի կամ թելի այն մասերն են, որոնք այնքան ուժեղ ենք կապում, որ երբեք չկարողանանք քանդել, իսկ օղակը պատրաստվում է հանգույցը հատուկ ձևով կապելու ժամանակ: Օղակը մեզ պետք է օդապարուկի գլխի մոտ բռնիչի ամրացման համար, իսկ երկրորդ օղակը` օդապարուկի պոչի համար: Ահա՛այսպես, ինչպես նկարի վրա է, տեսնո՞ւմ ես:

6. Իսկ այժմ օդապարուկի գլխի մոտ պատրաստած օղակից բռնիչ կապենք: Որպես բռնիչ կրկին պինդ պարան պետք է օգտագործենք: Որպեսզի պարանը չխճճվի, կարող եք փայտի կտորի վրա փաթաթել : Ահա՛այսպես, ինչպես նկարի վրա է ցույց տրված:

6. Օդապարուկի պոչը պարան է: Ձևավորե՛ք պոչը գունավոր ժապավենիկներով: Ժապավենիկներն իրարից 10 սմ հեռավորության վրա ամրացրե՛ք: Այժմ պոչն ամրացրե՛ք օդապարուկի ծայրին:

7. Նկարազարդե՛ք և ձևավորե՛ք

Այստեղ իմ օգնությունը ձեզ անհրաժեշտ չէ: Չէ՞ որ դա ձեզ մոտ ինձանից անհամեմատ լավ է ստացվում:

Պատրաստ է

Եվս մի քանի խորհուրդ

1. Ուղիղ ամրացված բռնիչը միջին կետից մի փոքր առաջ է դուրս գալիս: Սա օդապարուկի հավասարակշռության կետն է:

2. Օդապարուկի պոչն անչափ կարևոր է հավասարակշռության պահպանման համար:

3. Քանի հատ օդապարուկ էլ պատրաստեք, բոլորը տարբեր տեսակ են ստացվում: Հնարավոր է ձեր օդապարուկին ուղղումներ անհրաժեշտ լինեն: Չվախենա՛ք և չզլանա՛ք: Օդապարուկով լավ կզվարճանաք: