Ընձուղտը
Ներածություն
Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Այն ունի բարձր պարանոց և երկար ոտքեր: Ընձուղտը Աֆրիկայի բնիկ կենդանի է և ապրում է աֆրիկյան անապատներում: Նրանք հիմնականում ապրում են հարավային մասում, այդ պատճառով էլ դրանց կոչում են Հարավային ընձուղտներ: Տարբեր տեղերում ապրելու պատճառով, ընձուղտներին տարբեր կերպ են անվանել, Քենիայում տարածված է քենիական ընձուղտը, իսկ Նուբիան հայտնի է նուբիական ընձուղտներով: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, օրինակ, հարավային ընձուղտի մաշկը մինչև ծնկները ծածկված է բաց շագանակագույն բծերով, ինչը նրան լավ քողարկում է և պաշտպանում թշնամուց: Քենիական ընձուղտը գիշատիչ կենդանիներից պաշտպանվելու նպատակով կարող է առջևի ոտքերով հարվածել, իսկ նուբիական ընձուղտը ամենից անխելք կենդանին է: Ջուր խմելիս նա առջևի ոտքերը լայն բացում է և պարանոցը ներքև է թեքում` ջուր խմելու համար: Այդ ժամանակ նա հաճախ է դառնում գիշատիչ կենդանու պատառ:
Ընձուղտի արտաքինը
Ընձուղտները երկար կենդանիներ են, քանի որ նրանք ունեն շատ երկար պարանոց և ոտքեր: Ընձուղտի առջևի ոտքերն ավելի երկար են, քան հետևի ոտքերը, այդ պատճառով նրա մեջքը կարծես թեքված է դեպի պոչը: Չափահաս ընձուղտը հասնում է մինչև 5.5 մետրի, իսկ արու ընձուղտը 25 սմ-ով բարձր է էգից: Նրանք մարդու նման ունեն պարանոցի յոթ ողն: Ընձուղտի պարանոցը շատ ճկուն և ուժեղ է: Երիտասարդ ընձուղտները միմյանց հետ մրցում են պարանոցի ձգման մեջ:
Ընձուղտը գլխի վրա ունի փոքրիկ մաշկապատ ոսկրային եղջյուրիկներ: Ընձուղտի շուրթերը շարժվում են, իսկ նրա լեզուն շատ երկար է և ճկուն: Ընձուղտի լեզուն նույնիսկ 53 սմ-ի է հասնում: Ընձուղտն ունի 32 ատամ, դրանցից ամենասուրը և կտրիչը կողքի ատամներն են: Ականջները և աչքերը նույնպես մեծ չափերի են, իսկ նրանց մարմինը գեղեցիկ զոլերով է գունավորված: Ընձուղտի պոչն այնքան էլ երկար չէ, հասնում է ընդամենը մինչև ծնկները, թեպետ նրան շատ է օգնում քշել միջատներին:
Ինչպես են ապրում ընձուղտները
Ընձուղտները չեն սիրում առանձին-առանձին ապրել: Նրանք ապրում են մեծ հոտերով, սննդի հայթայթման համար միասին են ման գալիս:
Ընձուղտների հոտը
Հատկապես սիրում են ջուրը և անընդհատ խմելու ջուր են փնտրում: Ընձուղտները շատ քիչ են քնում: Առավոտյան դուրս են գալիս սնունդ հայթայթելու, իսկ կեսօրին ստվեր են գտնում և պառկում: Կերը մարսելու ընթացքում քնում են, բայց մի փոքր ժամանակով, քանի որ նրանք վախենում են գիշատիչ կենդանիներից:
Ընձուղտներն օրական ավելի քան 80 կգ սննդամթերք են ընդունում և մարսում: Նրանց հիմնական սնունդը ակացիայի ճյուղերն ու տերևներն են: Ընդհա-նրապես ակա-ցիայի տերևները թույն են պարունակում, իսկ ճյուղերը ծածկված են սրածայր փշերով, բայց ընձուղտները հատուկ հարմարված են դրան և կարող են մեծ քա-նակությամբ տերևներ ուտել: Ընձուղտը լավ տեսողություն ունի, և դա օգնում է նրան ակացիայի ծառի վրա գտնել պակաս թունավոր և մատղաշ տերևներ:
Ընձուղտների բազմացումը
Ընձուղտն իր ձագին 15 ամիս է կրում որովայնում: Նա չի կարող երկվորյակներ ծնել, միայն մեկ հորթ է ունենում: Շատ հետաքրքիր է հորթի ծնունդի շրջանը: Երբ գալիս է դրա ժամանակը, ընձուղտը նույնիսկ չի պառկում խոտի վրա: Կանգնած է, և հորթ էլ ծնվում է: Փոքրիկ ընձուղտը մոտավորապես 1.5-2 մետրից է ցած ընկնում, բայց նրան ոչինչ չի պատահում: Մի քանի ժամ հետո սկսում է վազել: Երկու շաբաթ անց ընձուղտն իր հորթի հետ միանում է հոտին և փոքրիկին սովորեցնում կեր հայթայթել:
Օկապի` ընձուղտի մոտիկ ցեղակից կենդանի
Օկապին ընձուղտի նման խոշոր ոտքերով, եղջերավոր կենդանի է: Օկապին ևս, ընձուղտի նման փոքրիկ եղջյուրիկներ և երկար պարանոց ունի, սակայն ընձուղտի պարանոցը օակապիի համեմատ ավելի երկար է, բացի այդ ընձուղտը միշտ գլուխը բարձր է պահում, իսկ օկապին, հիմնականում, գլխահակ է ման գալիս:
Օկապի
Օկապիի մարմինն ամբողջությամբ սպիտակ շերտերով չի պատած, նրա մարմինը մուգ շագանակագույն է, դեմքը սպիտակ է, իսկ առջևի և հետևի ոտքերը սպիտակ զոլեր ունեն: Ի տարբերություն ընձուղտի, օկապին շատ վատ տեսողություն ունի: Սակայն, աչքի է ընկնում լավ հոտառությամբ և լսողությամբ, ինչը գիշատիչներից պաշտպանվելու միջոց է: Օկապին ապրում է Կենտրոնական Աֆրիկայի մութ, արևադարձային անտառում: Նա սիրում է միայնակ ապրել, և հետևաբար, ոչ մի տեղ չեք կարող հանդիպել օկապիի հոտերի:
Ամփոփում
Օկապին և ընձուղտը մեկ ընտանիքի մեջ են միավորվում, և դրանք կոչվում են ընձուղտանմաններ: Նրանք շոգ Աֆրիկայի բնիկներ են և ուրիշ երկրների կլիմային շատ դժվար են համակերպվում: Մարդկանց չեն վնասում, իսկ մարդն, իր հերթին, ընձուղտի թշնամին է, հավանում է նրա գեղեցիկ մորթին, իսկ միսն օգտագործում է որպես սնունդ ... Ընձուղտների քանակը շատ է նվազել, Հյուսիսային Աֆրիկայում դրանք ամբողջովին ոչնչացել են: Մարդը չպետք է խոչընդոտի նման գեղեցիկ ու անվնաս կենդանու գոյությանը: